11/03/2022 09:53
«Հրապարակ». Կառավարության և ԱԺ-ի կին աշխատակիցներին պարգևատրել են, իսկ նախարարությունների կին աշխատակիցնեին՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են մսխել պետական բյուջեի միջոցները՝ դրանց հաշվին պարգևատրումներ, նվերներ և խրախուսանքի տարբեր միջոցներ սահմանելով։ Երեկ գրվեց, որ ԱԺ աշխատակազմը Մարտի 8-ի առթիվ ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրել է 70 հազարական դրամով։ Մեր հարկերի հաշվին իշխանական ու պաշտոնյա կանանց լավություն անելու այս որոշումը կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։ Բայց միայն ԱԺ աշխատակազմը չէ այսքան կնամեծար. կառավարության աշխատակազմում ևս որոշել են բյուջեի միջոցների հաշվին աշխատակազմի կին աշխատակիցներին պարգևավճարներ դուրս գրել։
Բայց, ի տարբերություն շռայլ ԱԺ-ի, կառավարության աշխատակազմն ավելի համեստ է գտնվել և կառավարության կին աշխատակիցներին 50 հազարական դրամ է պարգևատրել։ Կառավարության կանայք մի քիչ սրտնեղել են, թե՝ մենք բյուջեի գլխավոր տնօրինողը լինենք, ու մեզ ավելի քի՞չ տան, քան ԱԺ-ի կանանց։ Բայց առավել նեղսրտած էին նախարարությունների կին աշխատակիցները, որոնք տեղյակ էլ չէին, որ իրենց կողքի շենքում կանայք պարգևատրվել են, իսկ իրենց ոչինչ չի հասել»։