11/03/2022 15:25
Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ:
Փառատոնի մեկնարկին հայկական տաղավար է այցելել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը պատվիրակությանն առանձին սրահներում հանգամանորեն ներկայացրել է հայ մշակութային ժառանգությունը: Հայկական տաղավար են այցելել նաև ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար Կարեն Գրիգորյանը և ԱՄԷ-ի ու Կատարի թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղված հայկական պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Փառատոնը կտևի մինչև մարտի 28-ը: Մինչ այդ՝ մշակութային օրերի ընթացքում, հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։ Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծնի վանքը: