11/03/2022 20:58
Եթե անհրաժեշտ լինի Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության փաստաթղթին չի նայի. Արմեն Վարդանյան
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության հռչակագիրն, անխոս, Հայաստանի համար որոշակի ռիսկեր պարունակում է։ Ոչ վաղ անցյալում ստորագրված փաստաթղթով Ադրբեջանն ավելի ու ավելի է կապվում Ռուսաստանին՝ որոշակիորեն կախվածության մեջ ընկնելով նրանից։ Սա, իհարկե, ինչ-որ առումով անրադառնալու է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
«Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար նման փաստաթղթերը վաղուց ֆորմալ բնույթ են կրում, որովհետև, եթե անհրաժեշտ լինի որևէ հարցով Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանն այդ փաստաթղթերին չի նայի և կգործի։ Եթե ՌԴ շահերը համընկնեն Ադրբեջանի հետ, բնականաբար, կգործի իր շահերին համապատասխան։ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է դա», - ասաց քաղաքագետը։
Արմեն Վարդանյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված փաստաթուղթը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում առավելապես ռազմական տեսանկյունից, սակայն այլ վտանգներ ևս պարունակում է։
«Հռչակագրի 11-րդ կետով ամրագրվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը վճռականորեն կանխում են սեփական տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ։
Այսինքն՝ եթե, օրինակ, Ռուսաստանի հայերի միությունն ադրբեջանական հակահայ գործողություններն ու ագրեսիան դատապարտող քայլեր ձեռնարկի, ռուսական կողմն Ադրբեջանի պնդմամբ կարող է նաև փակել այդ կազմակերպությունը», - նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր.
«Մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է»։