12/03/2022 19:30
Ինչպես ընդունել սնունդը առողջական մի շարք խնդիրներից խուսափելու համար
Համեղ և հագեցնող սնունդը միշտ էլ գրավիչ է լինում, և այն փորձելու ցանկությունը հաճախ չի կառավարվում։ Սակայն, բացի նրանից, թե ինչ ենք ուտում, շատ կարևոր է հասկանալ նաև, թե ինչպե՞ս ենք դա անում։
Սննդաբանները խորհուրդ են տալիս, որ չափը չանցնելու համար արժե ուտել փոքր չափաբաժիններով ու շատ դանդաղ։ Այդպիսով ոչ միայն կնվազեցնեք քաշը, այլև կկարգավորեք արյան ճնշումը, կկանխեք արթրիտի զարգացումը։
Սննդի դանդաղ կլանումը բերում է այլ դրական արդյունքների ևս։
Նախ, եթե դանդաղ եք ուտում, կարող եք աստիճանաբար կառավարել ախորժակը։
Որպես կանոն, մարդը սովորաբար չափից շատ է ուտում։ Դա պայմանավորված է
նրանով, որ հագեցվածության զգացումը մի փոքր «ուշ» է գալիս։ Հաճախ ուտելուց հետո նկատվում են ցավեր որովայնում, ստամոքսի խնդիրներ և ավելի ուշ` ավելորդ քաշ։
Օրգանիզմը, ստանալով իրեն իսկապես անհրաժեշտ քանակությամբ սնունդ, ազդակների միջոցով հուշում է, որ պետք է կանգ առնել. միայն պետք է լինել ուշադիր և լսել սեփական մարմնին։
Սննդի դանդաղ ընդունումը օգնում է վերահսկել նաև դրա չափաբաժինները։ Եթե դուք ավելի դանդաղ եք ուտում, ապա ավելի արագ կկշտանաք` նույնիսկ այնպիսի չափաբաժիններով, որոնք նախկինում չափազանց փոքր էին թվում։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ դանդաղ սնվող մարդը ավելորդ կիլոգրամներ չի հավաքում, հետևաբար՝ չի տառապում դեպրեսիայից և դիետաների դիմելու կարիք չի զգում։ Ի վերջո, մարդիկ, ովքեր հաճույք են ստանում դանդաղ ծամելուց և սննդի փոքր չափաբաժիններից, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից և կարող են կանխել շաքարախտի զարգացումը։
Դրան հակառակ այն մարդիկ, ովքեր շատ արագ են ուտում և չեն հասկանում սննդի որակը, ավելի հավանական է, որ տառապեն այսպես կոչված մետաբոլիկ համախտանիշով, երբ մարդու մոտ զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ խոլեստերինի մակարդակ և գիրություն է առաջանում։
Սնունդ ուտելու արագ ընթացքը բերում է նաև հաճախակի այրոցների, ինչը ավելի է սրում գաստրիտով տառապողների առողջական վիճակը։
Սննդի դանդաղ կլանումը նույնպես օգնում է մարսողությանը. չէ՞ որ այն սկսվում է ոչ թե ստամոքսից, այլ շատ ավելի վաղ։ Բացի այդ, սննդի կտորները արագ, առանց ծամելու կուլ տալով, դուք ձեր օրգանիզմը զրկում եք օգտակար միկրոէլեմենտներից և նյութերից։
Երբ սկսեք դանդաղ ուտել, կզգաք, որ իսկապես կարողանում եք վայելել սննդի իրական համը. դա հետաքրքիր կդարձնի յուրաքանչյուր կերակուր։ Այն կլինի առաջին քայլը առողջ ապրելակերպի ճանապարհին:
Ի վերջո, վայելեք ոչ թե սնունդն ուղղակիորեն, այլ այն տպավորությունները, որոնք բերում է իր հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։