12/03/2022 18:09
Պետք է ամբողջությամբ վերաիմաստավորել պոլիկլինիկաների աշխատանքը, ուժեղացնել դրանց դերը․ խնդիրներ կան հատկապես մասնագետների մասով. Դավիթ Մելիք-Նուբարյան
Ազգաբնակչության շրջանում թյուր կարծիք կա, որ պոլիկլինիկական ծառայությունների որակը ցածր է և առողջական խնդիրներ ունենալու դեպքում ավելի ճիշտ է միանգամից հիվանդանոցներ դիմել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ հավելելով, որ թեև առողջության պահպանման առաջնային օղակի բուժհաստատությունները բարեփոխումների կարիք ունեն, սակայն վերջին տարիներին բավականին որակյալ ծառայություններ են մատուցում։
«Հայաստանում պոլիկլինիկաները տարեկան ընդունում են ավելի քան 12 միլիոն մարդու, այսինքն՝ յուրաքանչյուր հայաստանցի տարեկան միջինում 4 անգամ պոլիկլինիկա է այցելում, իսկ հիվանդանոցներ այցելում է ընդամենը 400 հազար մարդ։ Այստեղից հասկանալի է, որ առողջության պահպանման առաջնային օղակն իր ուսերին բավականին ծանր բեռ է տանում։
Միաժամանակ, շատ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն՝ ինչ սպասելիքներ պետք է ունենալ պոլիկլինիկաների բժիշկներից։ Իսկ սպասելիքները երբեմն խիստ չափազանցված են լինում։ Եթե քաղաքացիները սպասում են, որ վերջիններս պետք է, օրինակ, տրանսպլանտացիա անեն, ապա այդպես չէ։ Խնդիրները, որոնք դրված են առողջության պահպանման առաջնային օղակի վրա, հաստատ լուծվում են։ Այլ բան է, որ ռեֆորմներ պետք է կատարվեն, հատկապես, եթե Հայաստանը գնում է առողջության պարտադիր ապահովագրության։ Պետք է ամբողջությամբ վերաիմաստավորել պոլիկլինիկաների աշխատանքը, ուժեղացնել դրանց դերը։ Այս օղակում խնդիրներ կան՝ հատկապես մասնագետների մասով»,-նշեց նա:
Մելիք-Նուբարյանի խոսքով՝ վերջին հինգ տարիներին հատկապես մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և թերապևտները, կարծես, դժվարությամբ են բարեփոխումների մաս դառնում, ինչն էլ հանգեցնում է խնդիրների։
«Մասնավորապես, այս բժիշկների տարիքն է մեծանում, մարզերում երբեմն առհասարակ մասնագետներ չեն լինում, այսինքն՝ ունենք մասնագետների թվի նվազում։ Եթե ռեֆորմներ չկատարվեն, կարող է գալ մի պահ, որ պոլիկլինիկաներում մանկաբույժներ, թերապևտներ և ընտանեկան բժիշկներ չլինեն, որ աշխատեն»,- ընդգծեց նա:
Ըստ Մելիք-Նուբարյանի՝ պետք է աշխատանքներ տանել նաև առողջության պահպանման առաջնային օղակի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այսինքն՝ երիտասարդ մասնագետները պետք է իմանան, որ պոլիկլինիկաներում աշխատանքի անցնելով՝ կարող են մասնագիտական աճ, արժանապատիվ աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ և որակյալ վերապատրաստումներ ունենալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։