12/03/2022 10:34
Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել Արցախում իրավիճակի կտրուկ լարման վրա. պատգամավոր
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել. դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։
«Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա ընդգծել է՝ եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։
«Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։
Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը: