12/03/2022 16:58
Արցախում գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է արտադրվող հացամթերքի ծավալների որոշակի նվազեցման, շուկայում ավելացել է շաքարավազի, արևածաղկի ձեթի պահանջարկը
Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հանրապետությունում գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը, ինչպես նաև տարբեր ապրանքային շուկաներում առաջարկի և պահանջարկի փոփոխությունները, իրականացրել է ուսումնասիրություններ հացամթերքի, շաքարավազի, ձեթի և բենզինի իրացման ոլորտում:
«2022թ. մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է արտադրվող հացամթերքի ծավալների որոշակի նվազեցմանը, որը հիմնականում զգացվել է Ստեփանակերտ քաղաքում։ Մայրաքաղաքում գործող և Հանձնաժողովի կողմից դիտարկված 29 հացամթերք արտադրող և շուկայում իրացնող սուբյեկտներից չորսը հացամթերքի արտադրությունը իրականացնում են բնական գազի միջոցով, մեկը՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի համակցությամբ , իսկ մնացած քսանչորսը՝ էլեկտրաէներգիայի կամ թոնրի միջոցով»,-«Արցապրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչյա Ավթանդիլյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գազամատակարարման դադարեցումից հետո էլեկտրաէներգիայիով արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները շուկայում առաջացած դեֆիցիտը փակելու նպատակով ավելացրել են իրացման ծավալները և արդեն մարտի 10-ի դրությամբ բավարարել են շուկայի սովորական պահանջարկի 96,8%-ը:
«Պետք է նշել, որ իրավիճակով պայմանավորված՝ հացամթերքի պահանջարկը որոշակիորեն աճել է՝ կապված սպառողների կողմից սովորականից ավելի հացամթերքի ձեռքբերման քանակների հետ: Նշված ժամանակահատվածում իրականացված դիտանցումների արդյունքում հացամթերքի գնաճ չի արձանագրվել: Հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի ոլորտներում իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ բացի հացամթերքից, շուկայում ավելացել է պահանջարկը շաքարավազի, ինչպես նաև արևածաղկի ձեթի նկատմամբ: Տեղական արտադրության ձեթի և հացի համար իրացման գների փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ներմուծվող ձեթի և շաքարավազի համար տեղի է ունեցել համապատասխանաբար 2,9 % և 14,9 % գնաճ»,-նշել է նա։
Մասնագետի փաստել է` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ նշված ներմուծված ապրանքատեսակների մասով գնաճ է արձանագրվել նաև Երևան քաղաքում գործող առևտրային օբյեկտներում:
«Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների մասով, մասնավորապես՝ շաքարավազ, ձեթ և հաց, առկա է պահանջարկի ավելացում, որը հանրության շրջանում նշված ապրանքատեսակների մասով առաջացրել է խուճապային տրամադրություններ: Առևտրային օբյեկտներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ սպառողները հաճախ ձեռք են բերում պահանջվածից ավելին, որն էլ որոշ առևտրային օբյեկտներում առաջացրել է այդ ապրանքատեսակների բացակայություն: Ձեթ ապրանքային շուկայում տեղական արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը իրացման գնի փոփոխություն չի իրականացրել, իսկ խանութներում առկա պակասուրդը մարտի 11-ի դրությամբ լրացվել է։ Շաքարավազի ներկրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները նույնպես ավելացրել են ներկրման ծավալները և առկա պակասուրդը կլրացվի նոր խմբաքանակի ներմուծմամբ. ներմուծման խնդիրներ առկա չեն»,-ընդգծել է Ավթանդիլյանը` հորդորելով սպառողներին չտրվել խուճապային տրամադրությունների և շաքարավազն ու հացը ձեռք բերել միայն անհրաժեշտ քանակությամբ:
Ավթանդիլյանն անդրադարձել է նաև բենզինի գնին և նշել, որ, պայմանավորված բնական գազի մատակարարման դադարեցմամբ, Արցախի Հանրապետության տարածքում չեն գործում ավտոգազալցման ճնշակայանները, որն էլ ավելացրել է բենզինի պահանջարկը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում այս ոլորտում գրանցված գնաճը կապված է ՀՀ-ում տեղի ունեցող համապատասխան փոփոխության հետ: Հանձնաժողովի կողմից մշտապես վերահսկվում են շուկայում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների և իրացման պայմանների փոփոխության պատճառները: Ուստի տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ մրցակցային օրենսդրության խախտման հետևանքները հանգեցնելու են Հանձնաժողովի կոշտ արձագանքմանը»,-ամփոփել է Հրաչյա Ավթանդիլյանը: