12/03/2022 09:24
«Հրապարակ». Բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդրի առաջ. Ֆիննախը մերժել է առողջապահության նախարարության 4.5 միլիարդի դոտացիան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը և ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, և ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է: Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջև։
Օրինակ, Նուբարաշենի հոգեբուժարանում շինաշխատանքների դիմաց այս տարի փոխանցում չի կատարվել: Ա․ Նազարյանը հերքեց, թե՝ նախարարությունը «ֆինանս ստանալու խնդիր չունի». «ֆինանսավորվում է տարեկան բյուջեով»: Սակայն հոգեբուժարանի շինարարն ասաց. «Ճիշտ է, բյուջե չի հաստատվել, բայց մեզ ասել են՝ ապրիլ ամսին կլինեն փոխանցումները։ Մենք քանի որ մեծ ընկերություն ենք և կատարում ենք այլ մասնավոր աշխատանքներ, ունենք վարկային մեծ գծեր, դրանց օգնությամբ կարողանում ենք ժամանակին վճարել աշխատողներին»։ Ըստ նրա՝ այս խնդիրն ամեն տեղ է՝ մարզպետարաններում, քաղշինկոմիտեում, քաղաքապետարանում։
«Եթե մենք չունենայինք մեր բանկային մասնավոր ռեսուրսը, նույն խնդրի առաջ էլ մենք կանգնած կլինեինք, ինչին այսօր բախվում են շատ կազմակերպություններ։ Մեր պետական կառույցները ստեղծված են այնպես, որ մարտ ամսին նոր բյուջե են հաստատում։ Եթե մենք աշխատանքները դադարեցնենք, ժամանակին չենք կարող ավարտին հասցնել, աշխատողին չես կարող ասել՝ գնա նստի տանը... հիմա աշխատող գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մենք շինարարական ընկերություն ենք՝ պապական սովոր ենք մեր սեփական ռեսուրսներով աշխատել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում