12/03/2022 18:28
Ստեփանակերտում հանդիպել են Արթուր Վանեցյանն ու Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավորները․ երկուստեք մտահոգության առարկա է Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների անտարբեր կեցվածքը
Մարտի 12-ին Արցախի Հանրապետության ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Հանդիպման ընթացքում Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները ներկայացրել են վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել հումանիտար ճգնաժամից ելք գտնելու հնարավորությունների շուրջ:
Երկուստեք մտահոգության առարկա է դարձել ՀՀ իշխանությունների՝ Արցախի նկատմամբ դրսեւորած անտարբեր կեցվածքը։ Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և նախատեսվում է այդ կապակցությամբ կազմակերպել լսումներ, որին հրավիրվելու են Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մտահոգություն է հայտնել ՀՀ և Արցախի միջխորհրդարանական հարաբերությունների բացակայության վեաբերյալ՝ հատկապես շեշտելով, որ հակառակ Արցախի Ազգային ժողովում բարձրացված մտահոգությանը՝ 44-օրյա պատերազմից հետո, մինչև այժմ որևէ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չի գումարվել: