13/03/2022 13:40
Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա. Գեղամ Գևորգյան
Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, այսօր լրագրողներին ասաց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներ: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանականալու են:
«ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս», - ասաց նա։
ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը: