14/03/2022 19:00
Կորոնավիրուսը փոքրացնում է ուղեղի չափը և ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա. գիտնականների նոր բացահայտումները
Օքսֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են COVID-19-ի ազդեցությունը մարդու ուղեղի վրա և հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակի հետևանքով մարդու ուղեղը փոքրանում է։ Այս եզրահանգմանը նրանք եկել են՝ հետազոտելով 51-ից 81 տարեկան 785 մարդու։ Նրանց անցկացրած հետազոտությունների արդյունքները հրապարակել է The Daily Mail-ը։
Այսպես՝ հետազոտությանը մասնակցած 785 մարդուց 401-ը ժամանակին հիվանդացել են COVID-19-ով։ Գիտնականները հետազոտությանը մասնակցած կամավորականների գլխուղեղը երկու անգամ սկանավորել են ու պարզել, որ Կորոնավիրուս տարած մարդկանց ուղեղի ծավալը նկատելիորեն կրճատվել է։
Այնուամենայնիվ, գիտնականները պնդում են, որ վարակի նման ազդեցությունը մարդու ուղեղի վրա պայմանավորված չէ COVID-ի ծանր կամ թեթև ընթացքով։ Կորոնավիրուսը կոգնիտիվ խանգարումների է հանգեցնում, և այդ խանգարումները, ցավոք, ժամանակավոր բնույթ չեն կրում։ COVID-ն ընդմիշտ է նվազեցնում մարդու կոգնիտիվ ունակությունները։
Մեկ այլ հետազոտություն էլ իրականացրել են Northwestern Medicine առողջապահական համակարգի ներկայացուցիչները, որի արդյունքներին անդրադարձել է SciTechDaily-ն։
Խնդիրն այս անգամ վերաբերում է տղամարդկանց։ Գիտնականների պնդմամբ՝ Կորոնավիրուսով հիվանդացած տղամարդկանց մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ։
Նոր հետազոտության համաձայն, ամորձիներում ցավը, էրեկցիայի հետ կապված խնդիրները, սերմնահեղուկի ծավալի ու որակի նվազումը COVID-19-ի անմիջական հետևանքներն են։
Northwestern Medicine-ի գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ հիմնվելով մակակա Ռեզուս կապիկների վրա անցկացված գիտափորձի արդյունքների վրա։ Համաձայն դրանց՝ SARS-CoV-2-ը ներթափանցում է և ախտահարում տղամարդու սեռական տրակտի որոշ հյուսվածքներ․ վիրուսն ախտահարում է անգամ շագանակագեղձը, ամորձիների անոթները, առնանդամն ու ամորձիները։
Հետզոտության ղեկավար, բջջային կենսաբանության պրոֆեսոր Թոմաս Հոուփը խոստովանել է, որ այս արդյունքներն իրենց էլ են զարմացրել։ «Մենք չէինք էլ պատկերացնում, որ այդտեղ վիրուս կհայտնաբերենք»,- ասել է նա։
Բացահայտումը կատարվել է PET սկանավորման միջոցով, որն օգնում է մարդու օրգանիզմում հայտնաբերել վարակի օջախները։
Գիտնականները նշում են նաև, որ Կորոնավիրուսով հիվանդացած տղամարդկանց մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաև անոթային համակարգի խանգարումների պատճառով։ Տղամարդիկ նման դեպքերում ոչ թե պետք է ինքնաբուժմամբ զբաղվեն կամ անտեսեն խնդիրը, այլ բժշկական հետազոտություն անցնեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։