14/03/2022 18:30
Շների հետ ամենօրյա շփումը նպաստում է երեխաների իմունիտետի ամրացմանը
Հաճախ մարդիկ շան խնամքն ասոցացնում են միայն կենդանուն լավ կերակրելու հետ, մինչդեռ շուն գնելու որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ՝ ինչ տարածքում է ապրելու կենդանին, տանը նորածիններ կան, թե ոչ, ինչ բնավորություն ունեն տան անդամները,- ասում է անասնաբույժ, միջազգային փորձագետ Արթուր Թոսունյանը։
Օրինակ՝ որսորդական շանը հնարավոր չէ պահել երկու սենյականոց բնակարանում, կենդանուն օրական պետք է ապահովել 100 կիլոմետր վազելու հնարավորությամբ, հակառակ դեպքում կենդանին տանն է սպառելու էներգիան. փչացնելու է տան գույքը, խանգարելու է հարևաններին և տպավորություն ստեղծվի, թե կենդանին է «մեղավոր»։
Հղիների, երեխաների դեպքում տանը շուն պահելու հակացուցումներ չկան, մասնագետն ասում է՝ պարզապես պետք է գիտակցել, եթե տանը մեծ չափերով կենդանի կա, կարող է շարժումներով պատահաբար վնասել կնոջը։ Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում ծնողները պետք է անընդհատ հետևեն շան վարքին. եթե շան հանդեպ ուշադրությունը պակասի, խանդ կառաջանա, կենդանին հակված կլինի երեխային վնասելու։ Շան ագրեսիվ վարքի դեպքում պետք է հրավիրել մասնագետի՝ հասկանալու հնարավոր պատճառներն ու լուծումները։ Անասնաբույժն ասում է՝ եղել է նաև հակառակ դեպքը՝ խիստ ագրեսիվ վարքով պիտբուլ ցեղատեսակի շունը նորածնի հանդեպ ունեցել է հոգատար վարք։
4 տարեկանից բարձր երեխաներին ծնողները պետք է սովորեցնեն կենդանու մարմնի լեզուն։ Շատերը հակված են կարծելու, թե փոքր չափերով շները երեխաների համար պակաս վտանգավոր են, քան մեծ շները. ոչ ճիշտ հաղորդակցման դեպքում երկուսն էլ վտանգավոր են։
Երեխային շան հետ մենակ թողնել չի կարելի. փոքրիկը կարող է անգիտակցաբար վնասել կենդանուն, շունն էլ՝ ագրեսիվ պատասխանել։ Չնայած հնարավոր բարդ հետևանքներին՝ փաստ է, որ տանը կենդանի պահելը դրական է ազդում երեխաների դաստիարակությանը, հոգեբանությանը, առողջությանը։ Շների հետ ամենօրյա շփումը նպաստում է երեխաների իմունիտետի ամրացմանը, ինչպես նաև օգնում է երեխաներին հոգատար դառնալ, սոցիալիզացվել։
Տնային կենդանիները զգալիորեն նվազեցնում են երեխաների՝ վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մանրէները, որ կենդանիները տուն են բերում, խթանում են երեխաների դիմադրողականությունը։
Հիվանդություններ, որ շները կարող են փոխանցել մարդկանց
Վիրուսային հիվանդություններից ամենատարածվածը և ծանրը, որ շներից փոխանցվում է մարդուն, կատաղությունն է։ Մասնագետն ասում է՝ միակ պրոֆիլակտիկ բուժումը պատվաստումն է։ Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը կարող է տևել մինչև մեկ տարի, գրականության մեջ առավել հաճախ նշվում է 3-ից 4 ամիսը։ Հիվանդության ակտիվ փուլում ախտանիշների դրսևորման պես 10-12 օրից մարդը կարող է մահանալ։
Կենդանու կծելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հասցնել պատվաստվել, եթե ոտքն է վնասվել, թույլատրելի է նաև 48 ժամը, մինչդեռ ինչքան մոտ է վերքը դեմքին (գլխին), այնքան արագ պետք է արձագանքել։
Բնության մեջ կատաղություն հիվանդության հիմնական պահպանողն աղվեսներ են. ամենից շատն են ուտում առնետներ, մկներ։
Թափառող շները վտանգավոր են այնքանով, որ սնվում են հիմնականում աղբանոցներում, կեր չհայթայթելու դեպքում որսում են առնետներ, մկներ։ Այս կենսակերպով ապրող շների բերանի միկրոֆլորան ագրեսիվ է, կծելու դեպքում կարող են մարդու մոտ փտախտ առաջացնել։
Մինչդեռ տնային շները, որ ապրում են քիչ թե շատ մեկուսացած, սնվում են մաքուր կերով, եթե անգամ կատաղության դեմ պատվաստված չեն, կծելու դեպքում առաջացնում են տրավմա և ոչ փտախտ։
Մաշկային հիվանդություններին (դեմոդեկոզ) ամենից հաճախ նպաստում են տզերը, որ «բնակվում» են կենդանու մաշկի տակ։ Առաջացնում են մազաթափություն, վերքեր, կարող են փոխանցվել մարդկանց։ Այնուամենայնիվ, սուր վարակիչ չէ հիվանդությունը, շանը շոյելիս պարտադիր չէ, որ տիզը փոխանցվի մարդուն։ Խոցելի են երեխաները, որ հաճախ շան հետ շփումից հետո ձեռքերը կարող են տանել բերան։
Մարդու առողջության համար խիստ վտանգավոր է էխինակոկոզ հիվանդությունը, որի հարուցիչը էխինոկոկուս տափակ որդերն են։ Շների արտաթորանքում հասունացած ձվիկները կարող են մարդուն փոխանցվել հողից, սննդից, կենդանու հետ շփումից։
Շների կյանքի որակը, ինչպես նաև մարդկանց հետ հարաբերությունները անվտանգ դարձնելու հիմնական մեխանիզմը պատվաստումներն են։ Շների համար պարտադիր պատվաստումներն արվում են կոմպլեքս տարբերակով՝ միանգամից 8 հիվանդության համար։ Մինչև մեկ տարեկան շանը պետք է պատվաստել տարին 3-4 անգամ, 1 տարեկանից բարձր շներին՝ տարին մեկ անգամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։