14/03/2022 19:43
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է, բայց ոչ Թուրքիայի նախապայմանները կատարելու և մեր շահերից հրաժարվելու ճանապարհով․ Վահե Հակոբյան
Մտավախությունները, ցավոք, ոչ միայն չեն նվազում, այլև հաստատվում ու ավելանում են, հայ-թուրքական բանակցություններին վերաբերյալ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ News.am-ի հետ զրույցում։
Նա ընդգծել է՝ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների արդեն երկու հանդիպում է անցկացվել, բայց իշխանությունը հանրությանն այդպես էլ չի տեղեկացրել, թե ինչ է քննարկվում, զարգացման ինչ սցենարներ են դիտարկվում:
«Փոխարենը անդադար շեշտում են «առանց նախապայմանների» ձևակերպումը՝ փորձելով այդ կերպ փակել բոլորի աչքերը: Ի՞նչ առանց նախապայմանների երկխոսության մասին է խոսքը, եթե ինչպես ինքը՝ Հայաստանի արտգործնախարարն է նշում, հիմնական քննարկման հարցերից մեկը սահմանները բացելու հարցն է: Այսինքն, ստացվում է, որ Թուրքիան միակողմանի կերպով, Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, փակել է հայ-թուրքական սահմանը, իսկ այժմ սահմանի բացման դիմաց Հայաստանի քայլեր կամ զիջումներ է ակնկալում։ Եթե սա նախապայման չէ, ի՞նչ է»,- ասել է Վահե Հակոբյանը։
Նա հավելել է՝ Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու մասին խոսել խելամիտ չէ, քանի դեռ արված չեն կոնկրետ քայլեր․
«Քանի դեռ տրված չէ պատերազմում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածության, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման քաղաքական (և ոչ միայն քաղաքական) գնահատականը միջազգային հանրության կողմից, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությունից, իր իսկ կողմից առաջ քաշած նախապայմաններից, այդ թվում՝ վերաբերող «Զանգեզուրի միջանցքին», քանի դեռ սկսված չէ Թուրքիայի կողմից ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ միջազգային երաշխիքներով պայմանագիր կնքելու գործընթացը, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից»:
Առանց այս ամենի՝ Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը, ըստ պատգամավորի, նշանակում է օգնել Թուրքիային ու Ադրբեջանին՝ լեգիտիմացնել պատերազմի արդյունքները և դրանից հետո Հայաստանի կորուստները, քարտ բլանշ տալ նրանց՝ ապագայում Հայաստանի նկատմամբ նույն կերպ վարվելու համար:
«Այս ամենի վառ օրինակն էր Անթալիայում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումն ու անմիջապես դրանից հետո Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ հայկական կողմը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները»,- նշել է Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է, բայց ոչ Թուրքիայի նախապայմանները կատարելու և մեր շահերից հրաժարվելու ճանապարհով: