15/03/2022 17:56
«ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։
Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։
Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։
Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով):
Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։