15/03/2022 19:30
Կորոնավիրուսը հատկապես ծանր են տանում դիաբետ, հիպերտոնիկ, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող հղիները
«Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ Արթուր Այվազյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ կորոնավիրուսը ցուցում չէ հղիությունն ընդհատելու համար, բայց եթե հիվանդությունը ծանր է ընթանում (բարձր ջերմություն, թոքաբորբ), այսպիսով մեծանում է վտանգը ինքնաբեր վիժման, մանկաբարձական բարդությունների և պտղի ներարգանդային զարգացման արատների։ Հատկապես ծանր ընթացք է լինում ուղեկցող հիվանդություններ՝ հիպերտոնիկ, դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հղիների մոտ։
Վարակակիր մայրը գործնականում կարող է վարակել պտղին, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակված մայրիկից պտղին հիվանդության փոխանցման չնչին դեպքեր են գրանցվել։ Գինեկոլոգն ասում է՝ վարակակիր մորը չի արգելվում երեխային կերակրել. կաթի մեջ վիրուսի առկայություն չի հայտնաբերվել, հակառակը՝ հայտնաբերվել են հակամարմիններ, որ երեխային պաշտպանում են վարակից։
Բժիշկն ասում է՝ հիվանդության ընթացքը հիմնականում պայմանավորված է կնոջ առողջական վիճակով, ըստ այդմ՝ վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների. եթե չկան խրոնիկ հիվանդություններ, կինը կարող է վարակվել և նույնիսկ չիմանալ, որ հիվանդ է ու վարակակիր։
Հիվանդությունը շատերի մոտ կարող է արտահայտվել թույլ ախտանիշներով՝ ոչ շատ բարձր ջերմություն, դող, համի-հոտի կորուստ։
Բժիշկը հորդորում է վարակը հայտնաբերելուն պես մեկուսանալ 7-10 օր, ողջ ընթացքում կապ պահել հղիությունը վարող գինեկոլոգի հետ, ինքնաբուժությամբ չզբաղվել և հիշեցնում՝ դեղորայքի ընտրությունը խիստ անհատական է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։