15/03/2022 19:21
Կարծում եմ՝ սա վերջնական վերանայումը չէ. այս տարվա ընթացքում, հավանաբար, 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը դեռ էլի կվերանայվի. Պարսյան
Կարծում եմ՝ սա վերջնական վերանայումը չէ. այս տարվա ընթացքում, հավանաբար, 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը դեռ էլի կվերանայվի։ Եթե ռուսական տնտեսության բացասական միտումները շարունակվեն, Հայաստանը ևս կարող է անկում գրանցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԿԲ-ի կողմից տնտեսական աճի կանխատեսման վերանայմանը։
«Այսինքն՝ ամեն ինչ կախված է ՌԴ տնտեսության անկման չափից և ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի քայլերից՝ արդյոք վերջիններս կկարողանա՞ն առաջիկա ամիսներին գտնել հայկական գյուղմթերքի արտահանման այլընտրանքային շուկաներ։ Եթե չկարողանան, և նախկինի նման շուկա մնա Ռուսաստանը, ապա անկումն ավելի մեծ կլինի։ Գյուղոլորտը մեծապես կտուժի, որովհետև դրա մասնաբաժինը մեր ՀՆԱ-ի մեջ բավական մեծ է»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի համար ՀՀ կենտրոնական բանկի 5.3 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումն առավել իրատեսական էր, քան կառավարության՝ 7 տոկոսի շրջաակներում կանխատեսումը։
«Այնուամենայնիվ, իր նախնական հաշվարկներում ԿԲ-ն հաշվի էր առել անցած տարվա իրավիճակը, այն դեպքում, երբ անտեսվել էր կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը։
Բացի այդ, ՀՀ տնտեսության վրա ուղիղ ազդեցություն է թողնելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Ռուսաստանի տնտեսությունը, տարբեր գնահատականներով, կարող է 5-8 տոկոս անկում գրանցել, հետևաբար այդ անկումն ուղղակիորեն ազդելու է նաև մեր տնտեսության, մեր արտահանումների և սպառումների վրա»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը հիշեցրեց, որ ԿԲ-ի 5.3 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը պայմանավորված էր նաև ենթադրաբար ավելացող տրանսֆերտներով։
«Բայց նույնիսկ Համաշխարհային բանկն իր կանխատեսումներում ասում է, որ դրսից եկող տրանսֆերտները նվազելու են 19 տոկոսով, մինչդեռ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը կանխատեսել էին, որ տրանսֆերտներն աճելու են։ Դա նկատի ունենալով՝ նրանք տնտեսական աճ էին կանխատեսել՝ մասնավորապես ծառայությունների և առևտրի ոլորտում։
Միաժամանակ ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում կրճատվելու են Հայաստանից արտահանումները»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը։