15/03/2022 09:51
«Ժողովուրդ». Արցախ գնալու, այնտեղ որևէ կերպ օգտակար լինելու և խնդիրներին լուծում գտնելու փոխարեն պատգամավորները տաքուկ Աղվերանում զբաղված են այլ նիստեր անելով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, և այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաև Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որևէ կերպ օգտակար լինելու և խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երևանում, ապա 18 և 19-ին կմեկնեն Աղվերան:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից և հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է և չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին»։