15/03/2022 16:19
Խորացող հումանիտար աղետի պայմաններում ՀՀ-ի իշխանությունները միայն մի երգ գիտեն, այն էլ՝ չեղած ու դեռևս չլինող խաղաղության մասին. Կամո Աթայան
Ինչքան էլ պետությունը զավթած քաղաքական մանկամիտները բարձրաձայնեն «խաղաղության» դարաշրջանի մասին, միևնույն է, փաստերն ու իրողությունները շատ հզոր ու համառ բաներ են և դրանք կրկին ու որերորդ անգամ վերահաստատում են, որ թուրքադրբեջանական տանդեմի գերնպատակն Արցախն ու Հայաստանը հպատակեցնելն ու դրանց վերացնելն է։
Նախ՝ այդ երկու պետությունները (Ադրբեջան և Թուրքիա) առանձին առանձին նշելը բխում է միայն համապատասխան ընդունված էտիկետից, իրականում նրանք միասնական գիշատիչ գոյակցություն են ու դեռևս իրենց ցույց են տալու երկրային քաղաքակրթության դեմ կատարած քայլերով...
Այն, ինչ մասնավորապես հայերի նկատմամբ կատարվել է, դաս պետք է լիներ բոլորի, մասնավորապես՝ քրիստոնյա աշխարհի համար, բայց այդպես չեղավ...
Երկրորդ՝ մոլորակին ու քաղաքակրթությանը պատուհասած համաճարակի հերթական պիկային պահին՝ 2020-ի սեպտեմբերի վերջին գիշատիչ այդ տանդեմը հարձակվեց վաղուց ինքնորոշման ուղին բռնած Արցախի Հանրապետության վրա, բառիս բուն իմաստով բզկտեց ինքնահաստատվող երիտասարդ պետության մարմինը, և այդ ամենը քովիդի պայմաններում, երբ նույնիսկ կենդանական վայրենի աշխարհն էր բնազդով զգում բարության և կողքինին չվնասելու անհրաժեշտությունը...
Ու դա կատարվում էր քաղաքակիրթ աշխարհի, Արցախի խնդրով ստեղծված Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, ՌԴ-ի աչքի առաջ...
Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ. կրկին աշխարհն իրար է խառնվել, դեմ առ դեմ են ելել սլավոնական երկու պետություններ, սկսված է սլավոնական մեծ պատերազմը ու վտանգ կա, որ այն կարող է վերածվել համաշխարհային հրդեհի...
Թուրքադրբեջանական տանդեմն իր դիմագիծը կորցրած կլիներ, եթե այս խառը վիճակում կրկին գիշատիչի ցատկ չկատարեր հայկական պետությունների նկատմամբ։ Արդեն քանի օր է՝ Արցախում պայթեցված է միակ գազատարը, ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվում են Ստեփանակերտը և խոշոր բնակավայրերը, սահմանի համարյա ողջ պարագծով հնչում են ինչպես կրակոցներ, այնպես էլ՝ հայաթափման կոչեր, և նույնիսկ նման իրավիճակում, խորացող հումանիտար աղետի պայմաններում, ՀՀ-ի իշխանությունները միայն մի երգ գիտեն, այն էլ՝ չեղած ու դեռևս չլինող խաղաղության մասին...
Միթե այսքանից հետո էլ մեր մանկամիտները չեն գիտակցելու, որ աշխարհում պայքարող ազգին են հարգում, իսկ մենք մոտ երեք տասնամյակ այդպիսին էինք, ու միայն այս մի քանի տարվա ու հատկապես պարտությունից հետո մեզ դարձրել են «գոյություն քարշ տվող ու ամեն ինչի հետ համակերպվող» և պատահական չէ, որ անկյուն են քաշել ու պարտադրում են ամեն ինչ՝ այդ թվում նաև վերջնագրի տեսքով «խաղաղության պայմանագիր», որի պայմաններում շատ արագ կվերանան զույգ հայկական պետությունները ու կիրականանա գիշատիչ տանդեմի վաղեմի մեծ միավորման երազանքը…
Այո, դժբախտաբար մեր պետական քաղաքական դասն այդպես էլ չհասկացավ, որ թուրքը թուլացած հայկական պետականությանը, հային այժմ հաղթում է, և պատերազմով, և տնտեսական էքսպանսիայով, որի ականատեսը շուտով հավանաբար կլինենք, և խաղաղության սուտ կոչերով, որն իր համար իմաստավորված է...
Հ.Գ. Թուրքիան միջազգային հարաբերություններում վարելով հայտնի «երկու (կարելի է ասել նաև մի քանի) բարձի քաղաքականությունը», այսօր էլ խաղաղության աղավնի է ձևանում , և պատերազմող ռուս - ուկրաինական կողմերին, և աշխարհին է ի ցույց դնում իր «խաղաղասեր» կերպարը ու այդ շղարշի ներքո, հարմար ցանկացած պահի «ձեռքի գործիք», Ադրբեջանի հետ միասին մեր նկատմամբ սովորության համաձայն հերթական սև գործն է կատարելու...
Հ.Գ.1. Այս տեքստը պատրաստել էի մի քանի օր առաջ: Այս պահին, երբ մամուլում շրջանառվում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 պայմանները, որոնք իբր ընկած կլինեն «խաղաղության պայմանագրի» հիմքում, և որին այլ անուն տալը, քան Արցախի հարցն ընդմիշտ Ադրբեջանի օգտին լուծելը, իսկ ՀՀ-ին անկյուն քաշած ու հպատակեցված պահելը, չես կարող:Եթե հայկական կողմը համաձայնվի այդ պայմաններին, դա կլինի մեր պատմական տարածքներից ու Հայրենիքից հային օտարելու,հայրենազրկելու կազմակերպված պրոցեսի սկիզբը…