15/03/2022 09:45
«Հրապարակ». Այս իշխանություններին պատերազմ անցած մարդիկ պետք չեն. 3 մարզպետ, որոնք կռվով անցել էին, ազատվեցին պաշտոններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նեղվե՞լ եք, որ Ձեզ՝ պատերազմով անցած հրամանատարիդ, ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ փոխարինելով վարչապետի անհայտ օգնականով․ հարցրինք Մելիքսեթ Պողոսյանին։ Մեր զանգի պահին նա շտապում էր մարզպետարան՝ նոր մարզպետի ներկայացման արարողակարգին։
«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում՝ պաշտոնի լինես, պաշտոնի չլինես։ Ես, սիրելով իմ պետությունը, իմ երկիրն ու ժողովուրդը, միշտ դժվար դաշտում եմ հայտնվել, դուք իմ կենսագրությունն իմանալով՝ էդ հարցը չպիտի տայիք»։
Փաստորեն, իշխանությունը չհարգեց Ձեր կենսագրությունը։ «Եկեք ուրիշ բաներ չխոսենք, իմ տեսակը դա է, ես մինչև վերջին շունչ կարողանամ, օգնելու եմ էլի։
Իսկ ինքն էլ գլուխ կհանի, ինձնից երիտասարդ ա»։ Դուք է՞լ եք կարծում, որ երիտասարդ լինելն առավելություն է։ «Դե, ժամանակը ցույց կտա, մենք ասենք իրեն առողջություն, հաջողություն, որ կարողանա էս հոգսերը տանի փառքով-պատվով»։
Իսկ ճի՞շտ է, որ նշանակվելու եք պաշտպանության նախարարի խորհրդական։ «Հլա ես որոշում չեմ կայացրել, բուժվելու խնդիր ունեմ, կորոշենք, կծառայենք։ Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք»։
Բայց այս իշխանություններին կարծես պատերազմ անցած մարդիկ պետք չեն, տեսեք՝ 3 մարզպետներ, որոնք կռվով անցել էին, ազատվեցին՝ Ռազմիկ Պետրոսյանը, Դուք, Ռազմիկ Թևոնյանը։ Համաձայն չե՞ք։ «Ժամանակը կասի, ես չգիտեմ»»։