15/03/2022 21:35
Արցախը մենակ է մնացել․ ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով հրաժարվել են Արցախից և անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կոչ է արել բարձրաձայնել Արցախում ադրբեջանցիների կողմից իրագործվող հանցագործությունների մասին։ Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է․
«Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ... Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի:
ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:
Հայե՛ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությամբ ու ամենաթողությամբ մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից:
Այն, ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնն այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի, դիմելով ձեզ, խնդրում եմ՝ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի՛ տվեք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»: