15/03/2022 19:40
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքներին միացել է Լևոն Թոքմաջյանը
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքներին խորհրդատվական իրավունքով միացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։
Նա միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է, մոնումենտալ քանդակների հեղինակ, որոնք կանգնեցված են Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր երկրներում։ Քանդակագործը մասնակցել է նաև Քրիստոսի կերպարի թեմայով միջազգային մրցույթների։
«Մեր նպատակն է լավ բան ընտրելը։ Անպայման պետք է պրոֆեսիոնալիզմ լինի, մոնումենտալության զգացողություն լինի»,- ասում է Լևոն Թոքմաջյանը՝ Փրկչի արձանի բազմաթիվ նախագծերին ծանոթանալու ընթացքում։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը Լևոն Թոքմաջյանը բարձր է գնահատում և ընդգծում է՝ աննքննարկելի նախապայման է պրոֆեսիոնալ մոտեցումը․ մոնումենտալ քանդակը չպետք է կրկնի ոչ մի այլ երկրում կանգնեցված քանդակի։
«Եթե մենք պետք է կրկնենք Բրազիլիայի Քրիստոսը, ապա իմաստ չունի դա անել»,- նշում է քանդակագործը։
Մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը առաջին օրվա աշխատանքի ավարտին նշում է՝ Լևոն Թոքմաջյանի հետ բուռն քննարկումներ են ունեցել, նրա հետ աշխատանքը շարունակվելու է մոտակա օրերին ևս։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շուտով հանրությանն է ներկայացնելու առաջին փուլի աշխատանքի արդյունքները և տեղեկություններ է հայտնելու նաև հաջորդ քայլերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում