15/03/2022 15:11
Ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածք չեն մտել, բայց կա որոշակի լարվածություն. միգուցե, հնարավոր սադրանքներ հակառակորդի կողմից ձեռնարկվեն. Պաշտպանության փոխնախարար
Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, թե խնդիր չկա, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին։
Նա վստահեցրեց, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածք չեն մտել։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային մթնոլորտ ստեղծելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար են, հայաթափման գործընթացին միտված քայլեր են։ Առավոտվա դրությամբ ես տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է, սակայն ես չեմ կարող ասել, որ խնդիր չկա. կա որոշակի լարվածություն ու մեր յուրային ստորաբաժանումները զգոն են, հետևում են ամբողջ ընթացքին ու անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկեն», - ասաց պաշտպանության փոխնախարարը։
Սարգսյանը չբացառեց որևէ սադրանք։
«Որևէ պաշտոնյա չի կարող նման բան բացառել՝ կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների, աշխարհում տիրող իրավիճակի հետ, միգուցե, հնարավոր սադրանքներ հակառակորդի կողմից ձեռնարկվեն, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր կողմից որևէ ագրեսիվ քայլ չի իրականացվում», - հայտարարեց նա։
Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են միջոցներ, որ կայունությունն ամրապնդվի, բայց սա չի ենթադրում, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դեպքում հայկական կողմը ոչինչ չի անելու։