15/03/2022 10:33
Արցախում որոշ շրջանակներ տարակուսած են ՀՀ իշխանությունների պահվածքից. Վանեցյան
Hraparak.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
- Կիրակի օրը Հայաստանի իշխանությունն ու որոշ քաղաքական շրջանակներ մասնակցում էին ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Դուք մեկնել էիք Արցախ։ Կասե՞ք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում։
- Իրականում շատ ծանր վիճակ էր Արցախում, ես կասեի՝ հումանիտար աղետ։ Չհաշվենք հետպատերազմյան խնդիրները, որոնք դեռեւս հաղթահարված չեն, բայց այսօր Արցախում բնակվող ժողովուրդը եւ, առհասարակ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։ Եթե ավելի պարզ ու հասկանալի լինի՝ ինչ է կատարվում այնտեղ, ասեմ, որ մարդիկ արդեն 6-7 օր է՝ զրկված են բնական գազից։ Հակառակի պես Արցախում այս օրերին շատ ցուրտ է, մինուսային ջերմաստիճան է, ձյուն է գալիս, մենք գիտենք, որ Արցախում, սովորաբար, սաստիկ տեղումներ չեն լինում, բայց կարծես համընկնում լիներ՝ գազի խողովակի վնասումն ադրբեջանցիների կողմից եւ Արցախում եղանակային պայմանների վատթարացումը։ Եվ առաջիկա մի շաբաթն էլի ցուրտ է լինելու, ուստի կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը նախօրոք իմացել է՝ ինչ եղանակ է սպասվում այնտեղ, եւ վնասել է գազատարը։ Կարծում եմ՝ այո։ Բայց մենք չպետք է դիտարկենք միայն Արցախում գազ չլինելու հանգամանքը։ Ես սա դիտարկում եմ այլ տեսանկյունից՝ ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որպեսզի զզվեցնեն արցախցիներին, որպեսզի նրանք ուղղակի թողնեն-գնան Արցախից։ Նույնկերպ Խրամորթ գյուղում օրը երկու-երեք անգամ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, թե գնացե՛ք այս գյուղից, այս գյուղը մերն է եւ այլն։ Վերջին օրերին մենք տեսանք նաեւ, որ ծանր զինատեսակներով կրակոցներ եղան Արցախի որոշ գյուղերի շրջակայքում։ Դրանից զատ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներն անմիջապես հայտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Դեռեւս չեն սպանում նրանց, բայց վախեցնում են։ Ու այս ամենը, ես կարծում եմ, մենք պետք է դիտարկենք մի շարքի մեջ․ քայլեր են իրականացվում ադրբեջանցիների կողմից Արցախը հայաթափելու ուղղությամբ։
- Իսկ արցախցիները, ինչպես նաեւ տեղի քաղաքական շրջանակներն ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ։
- Ես շփվել եմ ինչպես հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում եւ Ստեփանակերտում, նաեւ շփվել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։ Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից եւ ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից եւ ազատվել այդ «բեռից» ու այսօր որեւէ բան չեն անում։ Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները եւ միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլեւս Արցախի հետ որեւէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք։
- Ասացիք՝ գրեթե բոլորը մտահոգված են այս հարցերով, նշանակում է՝ կան շրջանակներ կամ մարդիկ, որոնց չի՞ մտահոգում այս իրավիճակը։
- Կան շրջանակներ, որոնք չեն բարձրաձայնում այդ մասին՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։
- Իշխանակա՞ն շրջանակներ։
- Այո։ Ավելի ճիշտ՝ չասենք հենց իշխանական․․․
- Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք։
- Արայիկ Հարությունյանի հետ ես հանդիպում չեմ ունեցել, բայց հանդիպել եմ խմբակցությունների հետ։ Նպատակը հետեւյալն է՝ ՀՀ Ազգային ժողովում մեր խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին առաջիկայում կխոսենք, եւ այդ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում պատրաստվում ենք Ազգային ժողովում լսումներ անցկացնել եւ այդ լսումներին ուզում ենք հրավիրել Արցախի մեր գործընկերներին՝ թե՛ խորհրդարանի պատգամավորներին, թե՛ հասարակական, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այս հարցերը, խոսենք Արցախի խնդրի եւ Արցախի ապագայի մասին։ Եվ նրանք մեծ սիրով ընդունեցին մեր հրավերը եւ մասնակցելու են լսումներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։