16/03/2022 19:20
Ականջակալների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել լսողության վատթարացման
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Քնար Դավթյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ ականջակալների օգտագործումը բացասական է անդրադառնում լսողական անալիզատորի վրա։ Հատկապես հաճախ է պատճառ դառնում ձայն ընկալող հատվածի վնասմանը և առաջացնում է սենսոնևրալ ծանրալսություն (վնասվում են լսողական ռեցեպտորները և լսողական նյարդը)։
«Նախկինում, երբ ականջակալների կիրառումը այսքան տարածված չէր, սենսոնևրալ ծանրալսությունը մեծամասամբ հանդիպում էր մեծահասակների մոտ, ցավոք, հիմա հիվանդությունը երիտասարդացել է։ Ականջակալները շատ հաճախ առաջացնում են նաև արտաքին ականջաբորբեր։ Այդ պատճառով մեր խորհուրդն է ականջակալներ օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և շատ կարճատև»։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Քնար Դավթյանն ասում է՝ լսողական խնդիրների մասին որպես ահազանգ պետք է ընկալվեն ականջներում աղմուկը, խոսքի ընկալունակության վատթարացումը։ Որքան շուտ ախտորոշվի հիվանդությունն, այդքան արագ կկանխվեն հետագա բարդությունները։
Մասնագետն ասում է՝ հետազոտությունները հակացուցումներ չունեն, ցավոտ չեն։
Կատարվում է ականջների զննում՝ օտոսկոպիա, ապա՝ տոնալ շեմքային աուդիոմետրիա, որի արդյունքում ստանում ենք աուդիոգրամա և պարզում ենք, թե լսողության իջեցման պատճառը լսողական անալիզատորի որ հատվածում է՝
1. Ձայն հաղորդող
2. Ձայն ընկալող
3. Երբեմն երկու հատվածներում միաժամանակ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։