16/03/2022 19:00
Հոգեբանը հորդորում է՝ որևէ դեպքում մինչև 2-2.5 տարեկան երեխաների համար մուլտֆիլմեր չմիացնել
Որքան երկար և կլանված է երեխան մուլտֆիլմեր դիտում, այնքան մեծ է հավանականությունը, որ հետագայում կառաջանան ուշադրության խնդիրներ։ Գաջեթները, մուլտֆիլմերը, զարգացնող տեսանյութերը ծանրաբեռնում են երեխայի նյարդային համակարգը, ինչն էլ պատճառ է դառնում կենտրոնացման բարդությունների, - Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Սաթենիկ Մկրտչյանը։
«Երեխաները պետք է տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ծանոթանան բնական միջավայրին, խաղան տերևներով, հողով, ջրի հետ։ Մեկնաբանությունը, թե սմարթֆոնների օգնությամբ երեխաները վաղ տարիքից ահռելի գիտելիքներ են ձեռք բերում, մասամբ է ճիշտ. գաջեթով ջրին նայելը երբեք չի կարող փոխարինել բնականին առնչվելուն»։
Մասնագետն ասում է՝ մինչև 3 տարեկան երեխաներին անդադար գաջեթներով զբաղեցնելով չի բավարարվում երեխաների առաջնային՝ շփման, հաղորդակցման պահանջը։ Նաև հաճախ տպավորություն է ստեղծվում, թե երեխաները կարող են ժամերով մուլտֆիլմեր դիտել և դա իրենց համար հաճելի է։ Այնինչ մեծահասկաներն էլ, երբ որոշում են կես ժամ օգտվել սմարթֆոնից, երկու ժամ հետո հասկանում են, որ կես ժամը վաղուց լրացել է։
Հոգեբանը հորդորում է՝ որևէ դեպքում մինչև 2-2.5 տարեկան երեխաների համար մուլտֆիլմեր չմիացնել։ Միֆ է, թե մուլտֆիլմերը կամ ինֆորմատիվ տեսանյութերը նպաստում են երեխաների զարգացմանը։ Մինչև 2-2.5 տարեկան երեխան չի կարող մուլտֆիլմեր ընկալել. երեխաներն ուղղակի հետևում են թերթվող կադրերի։ Մինչև 2.5 տարեկան երեխաներին չի կարելի ցուցադրել զարգացնող՝ թվեր, տառեր սովորեցնող հոլովակներ. այդ տարիքում երեխաներին ցուցված չէ ուսումնառություն։
Մասնագետն ասում է՝ 2.5 տարեկանից հետո կարելի է մուլտֆիմեր դիտել, բայց շատ կարևոր է, որ մայրիկը երեխայի կողքին լինի՝ բացատրելու համար՝ որն է բարին, որը չարը, միասին վերլուծելու մուլտֆիլմի գործողությունները, պատճառահետևանքային կապը։
3-ից 5 տարեկան երեխաների դեպքում կարևոր է, որ մուտֆիլմերը չգերազանցեն 30 րոպեն, 5 տարեկանից հետո կարելի է մինչև մեկ ժամ տևողության դիտել։
Հոգեբանը խորհուրդ է տալիս 3-ից 5 տարեկան երեխաների համար ընտրել պարզունակ սյուժեով, կարճ տևողությամբ (մինչև տասը րոպե) մուլտֆիլմեր։ 5 տարեկանից բարձր երեխաների համար կարելի է համեմատաբար բարդ սյուժեով մուլտֆիլմեր ընտրել։
Յուրքանչյուր ծնող պետք է ֆիլտրի՝ ինչ մուլտֆիլմ պիտի նայի իր երեխան։ Միշտ չէ սա հնարավոր. մանկապարտեզում արդեն «համայնքն» է որոշում ինչ նայել, ինչով հետաքրքրվել, ուստի կարևոր է, որ ծնողները տեղյակ լինեն երեխաների նախասիրությունների, հետաքրքրությունների մասին. հետևել երեխային՝ ոչ թե այս կամ այն բանն արգելելու համար, այլ հետաքրքրությունները «կիսելու», մտերմանալու՝ այդպիսով արժեհամակարգ ձևավորելու համար։
Մուլտֆիլմեր դիտելուն զուգահեռ կերակրելը ամենատարածված սխալներից է
Շատ կարևոր է երեխային վաղ տարիքից սովորեցնել ճանաչել սեփական կարիքները, պահանջները,-ասում է հոգեբանը։ Մայրիկները սահմանում են ժամ, միացնում մուլտֆիլմերը և սկսում երեխային կերակրել՝ համարելով որ փոքրիկը պետք է ուտի մինչև վերջին գդալը։ Երեխան, թարթվող կադրերին նայելով, մեխանիկորեն բացում-փակում է բերանը՝ չհասկանալով ինչ կերավ, ինչ չափով կերավ։ Վաղ տարիքում այս սովորությունն արդեն 4-5 տարեկանում երեխաներին խանգարում է ճանաչել և արտահայտել սեփական կարիքները. երեխան պարզապես չի հասկանում երբ է սոված։ Այնինչ, ծնողների առաքելություններից է օգնել երեխային զգացումների, կարիքների մասին խոսել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։