16/03/2022 17:47
Իշխանությունների լուռ համաձայնությամբ Սյունիքում տեղի է ունենում ՀՀ տարածքների սողացող օկուպացիա. քաղաքագետ
Հանձին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման՝ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքների սողացող օկուպացիա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Պաշտոնական Բաքուն արհամարհում է բուն սահմանները, ներխուժում ՀՀ տարածք անքան, ինչքան ցանկանում է՝ իր վերահսկողության տակ վերցնելով ոչ թե սովորական, այլ ռազմավարական նշանակության տարածքներ՝ բարձունքներ, առավել հարմար դիրքեր՝ վերահսկելու Սյունիքի մարզով անցնող կարևորագույն ճանապարհները, ինչպես նաև առանձին բնակավայրեր։
Այս ամենից կարող եմ ենթադրել, որ ՀՀ իշխանությունները բացահայտ համագործակցում են պաշտոնական Բաքվի հետ և շարունակում են նվիրատվություններ անել, նվիրել ՀՀ տարածքները։ ՊՆ-ն իր հերթին բացահայտ կեղծ լուրեր է տարածում՝ փորձելով հերքել, որ ադրբեջանցիներն, իբրև թե, Հայաստանի տարածքում չեն։ Այնինչ մարդիկ մետրերով են նշում, թե ադրբեջանական դիրքերը ՀՀ տարածքի ո՛ր մասում են գտնվում և որքա՛ն են ներխուժել ՀՀ տարածք»,- ասաց Համբարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ՊՆ-ի կեղծիքն ապացուցված է ՀՀ նախկին ՄԻՊ Արան Թաթոյանի կողմից, ով մանրամասն ներկայացրել է տեղում առկա իրավիճակը։
«Նա շատ պարզ բացահայտեց, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը բացահայտ կեղծիքի տարածմամբ է զբաղված»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը միաժամանակ շեշտեց՝ եթե ՀՀ իշխանությունները իրադրությանն արձագանքում են՝ դիմելով կեղծիքի, մեխանիկորեն պաշտպանում են ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հանդես էր եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով.
«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն իր հերթին հայտնել էր, որ մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։