16/03/2022 10:04
«Հրապարակ». Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները և ԱԳ նախարարները։
Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որևէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում և կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան է նաև ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2020թ. մարտին։ Նախկինում նման կարգավիճակ են ունեցել Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Լիպարիտյանը»։