16/03/2022 20:06
Եթե անգամ ադրբեջանական կողմն իր ձեռքով վերանորոգում է գազատարը, շատ լավ ցույց է տալիս, որ ինքն է իրավիճակի տերը. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն անկեղծորեն զարմացած է, որ ադրբեջանական կողմը որոշել է վերանորոգել Հայաստանից Արցախ մտնող գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի անսարքությունը։
«Բայց, ըստ էության, շատ հատկանշական է, որ նրանք թույլ չեն տվել՝ գազատարը վերանորոգեն Արցախի գազի գրասենյակի աշխատակիցները, այլ հենց իրենք են նորոգում։ Մինչև իրավիճակն ամբողջովին չպարզվի, կզգուշանամ վերջնական դատողություններ անել։
Ամեն դեպքում, եթե անգամ ադրբեջանական կողմն իր ձեռքով վերանորոգում է գազատարը, շատ լավ ցույց է տալիս, որ ինքն է իրավիճակի տերը, և իրենից է կախված Արցախի հայկական պատառիկում մնացած հայերի տարրական պայմանների ապահովումը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում պատրանքներ փայփայող մարդիկ պետք է անհրաժեշտ հետևություններ անեն։
«Իրավիճակը փրկելու միակ ճանապարհն իրողության հետ առնչվելն է, եթե անգամ իրողությունը չափազանց դաժան է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները։
«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։