16/03/2022 13:50
Շատ հավանական է, որ ԿԲ-ն կրկին վերանայի տնտեսական աճի կանխատեսումը. տնտեսագետ
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ՀՀ կենտրոնական բանկի՝ 2022-ի համար տնտեսական աճի կանխատեսման վերանայումը պայմանավորված է Ռուսաստանի շուրջ ստեղծված ճգնաժամով և ակնկալվող այլ՝ էներգետիկ և պարենային ճգնաժամերով։
«Բոլոր այս պատճառները, միասին վերցված, ՀՀ կենտրոնական բանկի մոտ մտավախություն են առաջացնում, որ աճի տեմպերն իջնելու են։
Ես նույնիսկ համոզված չեմ, որ այդպես է լինելու, բայց, օրինակ, հարևան Վրաստանում կանխատեսում են, որ տնտեսական աճը մոտավորապես 5 տոկոսով դանդաղելու է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Միքայելյանի խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկն այս առումով ավելի համեստ կանխատեսում է կատարել:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ տնտեսական աճի կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն մինչև 1.6 տոկոս իջեցնելն այս տարվա վերջին վերանայումը չէ, Հրանտ Միքայելյանը պատասխանեց, որ նման սցենարը չի բացառում։
«Շատ հավանական է, որ էլի կվերանայվի», - ասաց տնտեսագետը՝ վերանայման հիմք համարելով նաև այս տարվա ընթացքում տրանսֆերտների շուրջ 20 տոկոսով նվազումը։