16/03/2022 16:37
ԱԺ-ում քննարկվել է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացման հարցը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վահե Հակոբյանի նախագահությամբ, մարտի 16-ին հրավիրած նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Եվրոպական համաձայնագիրը ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման և դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս հասցնելը: Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի և շահագործման վերաբերյալ:
Նշվել է նաև, որ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու և վերահսկելու ՀՀ տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ, ապահովելու միջպետական համագործակցությունը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: