17/03/2022 19:30
Մանկապարտեզներում մատուցվող մակարոնեղենին պետք է փոխարինեն կտավատի, հնդկաձավարի լապշաները, սպիտակ հացին՝ թթխմորով, վարսակի ալյուրով հացը. դիտարկումներ՝ սննդաբանի կողմից. Մաս 1
Սննդաբան Գայանե Շահխաթունու հետ զրույցում Aysor.am-ն այս անգամ անդրադարձել է մանկապարետեզներում երեխաների սննդակարգի հարցին։ Մասնագիտական տեսանկյունից որքա՞ն գրագետ է այն կազմված, ի՞նչ կերակրատեսակներ պետք է ներառված լինեն փոքրիկների ռացիոնում և որոնք պետք է կտրականապես բացառվեն։
Գայանե Շահխաթունու խոսքով՝ մանկահասակ երեխաների սխալ սնուցման մշակույթը, մինչև մանկապարտեզը, շատ անգամ սկիզբ է առնում հենց ընտանիքներից։
«Եթե երեխան տանը՝ սեղանի վրա, ռեգուլյար կոնֆետով լի ափսե է տեսնում, և իր տատիկն ու պապիկը թեյը շաքարավազով են խմում, շատ բարդ կլինի նրան բացատրել, որ դա առողջարար չէ։ Մանկապարտեզում խիստ սահմանափակումների հանդիպելով՝ երեխան ուղղակի կընդդիմանա՝ բողոքելով, որ այնտեղ քաղցրեղեն կամ իր սիրած մակարոնով փլավը չեն տալիս։
Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ մանկապարտեզները պետք է պատշաճ ֆինանսավորվեն, որովհետև առողջ սնունդը բավական թանկ հաճույք է։ Օրինակ՝ շատ լավ կլիներ, եթե մանկապարտեզներում շաքարավազի փոխարեն գետնախնձորի օշարակ կամ գոնե ոչ ռաֆինացված շաքար օգտագործվեր։ Էլ չեմ ասում, որ հրաշալի կլիներ փոքրիկների սննդակարգում մեղրի ներմուծումը՝ գոնե օրումեջ վարսակի ալյուրով և մեղրով թխված բլիթների տեսքով։
Իմ խորին համոզմամբ, երեխան քաղցրի հանդեպ պահանջը պետք է բավարարի մրգերով։ Իսկ ահա մանկապարտեզներում հաճախ մատուցվող մակարոնեղենին կարող են փոխարինել կտավատի, հնդկաձավարի լապշաները, սպիտակ հացին՝ թթխմորով, վարսակի ալյուրով հացը։
Փոքրիկի օրը, խիստ ցանկալի է, որ սկսվի որևէ աղցանով և բանջարեղենային կրեմ-ապուրով։ Ոչ մի դեպքում չի կարելի նախաճաշին քաղցրավենիք և քաղցր թեյ առաջարկել երեխային, որովհետև դատարկ ստամոքսին քաղցրավենիքն արյան մեջ անմիջապես բարձրացնում է ինսուլինի քանակությունը, և կարելի է ասել, մի փոքր հակում ունեցող երեխաների մոտ դա մանկական դիաբետի սկիզբ կարող է լինել։ Սա ամենակոպիտ սխալն է, որն առավոտյան արվում է շատ ընտանիքներում։
Ինչ վերաբերում է մսամթերքին, ցանկալի է երեխային հավասարապես և՛ կարմիր, և՛ սպիտակ միս տալ։ Առաջինն ապահովում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, իսկ ահա թռչնամիսը բավական դյուրամարս է։ Իհարկե, մսեղենը պետք է լինի շոգեխաշած և ոչ մի դեպքում՝ տապակած »,- ասաց Գայանե Շահխաթունին՝ հավելելով, որ օրվա ընթացքում փոքրիկին պետք է նաև որակյալ կաթնամթերք, մեղրով-չրով կոնֆետներ առաջարկել։
Սննդաբանի համոզմամբ՝ երբ մանկապարտեզներն սկսեն համագործակցել երեխաների ընտանիքների հետ՝ փոքրիկի մեջ դաստիարակելու առողջ սնվելու մշակույթը, հետագայում, մեծ հավանականությամբ, երեխան այդ մշակույթին չի դավաճանի։
Գայանե Շահխաթունին նշեց, որ իր պրակտիկայում մի քանի անգամ հրավեր է ունեցել մասնավոր մանկապարտեզներից, որտեղ ինքը ծնողներին ներկայացրել է առողջ սննդի նպատակը և տարբերակները։
«Եթե այս պրակտիկան նաև պետական մանկապարտեզներում ներդրվի, շատ լավ կլինի։ Ոչ բոլոր ծնողները կարող են գրագետ սնվելու մասին ամեն ինչ իմանալ, և սննդաբանները երեխաներին սովորեցնելուց բացի, պետք է սովորեցնեն նաև ծնողներին»,- ամփոփեց եր զրուցակիցը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։