17/03/2022 19:00
Մարդու օրգանիզմում լոկալ նիհարեցում տեղի չի ունենում. անհնար է նիհարել միայն որովայնի, ոտքերի կամ ձեռքերի հատվածում. միֆեր և իրականություն
Քիչ չեն նիհարել ցանկացող մարդիկ, որոնք ուզում են մարմնի՝ բացառապես այս կամ այն մասով նիհարել։ Մարզասրահների այցելուները հաճախ մասնագետից խնդրում են մշակել վարժությունների ծրագիր, որը կօգնի նիհարեցնել որովայնը, թևերը կամ ազդրերի հատվածը։
Aysor.am-ի թղթակիցը ֆիթնես-մարզիչ Աննա Զախարյանից խնդրել է պարզաբանել՝ հնարավո՞ր է արդյոք նման բան։
Վերջինիս խոսքով, մարդու օրգանիզմում լոկալ նիհարեցում տեղի չի ունենում:
«Անհնար է նիհարել միայն որովայնի, ոտքերի կամ ձեռքերի հատվածում: Եթե օրգանիզմում տեղի է ունենում ճարպի այրում, այն տեղի է ունենում ամբողջ մարմնում՝ անկախ մեր կամքից», - ասաց Աննա Զախարյանը։
Անդրադառնալով հարթ որովայն ունենալու հարցին՝ ֆիթնես-մարզիչը շեշտեց՝ գեղեցիկ որովայն ունենալու համար միայն դիետա պահելը կամ որովայնի մկանների վարժություններ անելն բավարար չեն:
«Հարկավոր է կոմպլեքս աշխատանք, այն է՝ կատարել կարդիո վարժություններ, որովայնի մկանները մարզող վարժություններ, սննդակարգում ստեղծել կալորիաների խելամիտ դիֆիցիտ, հրաժարվել վնասակար ածխաջրերից (հացաբուլկեղեն, խմորեղեն, կոնֆետներ և այլն), ինչպես նաև հրաժարվել ալկոհոլից և, իհարկե, հետևել քնի ճիշտ ռեժիմին:
Որովայնի մկանները մարզող վարժությունները կարել է կատարել շաբաթական 2-3 անգամ։ Ի դեպ, մարզաքարի (гантель) փոխարեն տնային պայմաններում կարելի է օգտագործել ջրի շիշ»,- նշեց Աննա Զախարյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։