17/03/2022 18:10
Մի քանի խորհուրդ ծնողներին՝ փոքրիկներին անվտանգ և որակյալ խաղալիքներ ընտրելու համար
Մանկահասակ երեխաներիի համար որակյալ խաղալիք ընտրելը մեր օրերում, ինչ խոսք, հեշտ գործ չէ։ Գնային և գունային բազմազանության մեջ ծնողները հաճախ շփոթվում են՝ չկողմնորոշվելով՝ ինչպես ճիշտ ընտրություն կատարել։
Եվ այսպես, Aysor.am-ը ներկայացնում է ոլորտի մասնագետների մի քանի խորհուրդներ։
1. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները՝ իրենց երեխաների համար խաղալիքներ գնելիս
Խաղալիքը պետք է լինի անվտանգ, որակյալ, երեխայի տարիքին և նախասիրություններին համապատասխան։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել խաղալիքի անվտանգության չափանիշներին՝ համապատասխանության սերտիֆիկատի առկայությանը, հայերեն մակնշմանը, փաթեթավորմանը:
2. Շուկայում առկա բազմազան առաջարկների մեջ ինչպե՞ս կողմնորոշվել և գրագետ ընտրություն կատարել՝
չվնասելու սեփական երեխայի առողջությանը
Պետք է ուշադրություն դարձնել խաղալիքի պիտակի մակնշմանը, որի վրա սովորաբար նշված են տարիքային սահմանափակումները, խաղալիքի պարունակության մասին ինֆորմացիան և օգտագործման հրահանգները։
Գրագետ ընտրություն ասելով՝ պետք է անպայման նկատի ունենալ, որ, օրինակ, մինչև 3 տարեկան երեխայի խաղալիքները չպետք է ունենան սուր ծայրեր, կամ առկա լինեն շատ փոքր դետալներ, որոնք երեխան կարող է խաղալիս կուլ տալ։ Նախապատվություն
պետք է տալ բնական հումքից պատրաստված խաղալիքներին։
3. Առողջական ի՞նչ խնդիրների կարող են բախվել ցածրորակ խաղալիքներով խաղացող երեխաները՝ ալերգիաներ և այլն։
Որոշ խաղալիքների բաղադրության մեջ առկա են արգելված քիմիական թունավոր տարրեր, որոնք կարող են վտանգել երեխայի
առողջությունը։ Սպառողն ինքը պետք է ուշադիր լինի և չգնի անհայտ արտադրության խաղալիքներ։ Դրանք կարող են չհամապատասխանել որակի չափանիշներին և առաջացնել ալերգիաներ, առողջական այլ խնդիրներ։
4. Ի՞նչ նյութերից պետք է պատրաստված լինեն անվտանգ խաղալիքները և ի՞նչ նյութեր ոչ մի դեպքում չպետք է պարունակեն։
Խաղալիքների արտադրության մեջ յուրաքանչյուր նյութ ունի իր չափորոշիչները. օրինակ՝ ներկերը պետք է լինեն
կայուն, շփումից չմաքրվեն, չպարունակեն թունավոր նյութեր։ Եթե խաղալիքը պատրաստված է փայտից, այն պետք է լինի լավ հղկված, չունենա սուր ծայրեր, որոնք խաղալիս կարող են երեխային վնասել։
5. Արդյոք միշտ են որակյալ խաղալիքները թանկ։
Որակյալ խաղալիքները տեղավորվում են գնային տարբեր սեգմենտներում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։