17/03/2022 16:54
ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:
Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:
Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, և առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները:
Նախարարի խոսքով՝ ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:
Գվինդաձեն շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին: