17/03/2022 21:28
Արցախի ապագան կախված է նաև ՀՀ իշխանության որակից և թե ինչ ստրատեգիա կունենա իշխանությունը. հիմա ակնհայտորեն չունի. Ստեփան Դանիելյան
Մոտ 10 տարի առաջ, երբ ինձ հարց էին տալիս Արցախի ապագայի մասին, ես ասում էի, որ դա կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից՝ Սիրիայի դեպքերից, ռուս-թուրքական հարաբերություններից, Միջին Ասիայում տեղի ունեցող գործընթացներից։ Ահա այս ամբողջի կոնտեքստում Արցախի հարցը կարող էր լուծվել կամ չլուծվել։
Հիմա ես այդ հարցին նույն պատասխանն եմ տալիս, այսինքն՝ հետագան կախված կլինի գլոբալ զարգացումներից, թե, օրինակ, ինչ արդյունքով կվերջանա ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչ հետևանքներ կունենան ռուս-թուրքական և ռուս-ամերիկյան հարաբերությունները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
«Արցախի ապագան, բնականաբար, կախված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից, իշխանության որակից և թե ինչ ստրատեգիա իշխանությունները կունենան։
Հիմա ակնհայտորեն չունեն և ի վիճակի չեն որևէ քաղաքականություն վարել։ ՀՀ գործող իշխանությունները հույս ունեն, որ ստեղծված իրավիճակն այսպես կմնա, մինչև հետագայում ավելի սթափ և գործունյա կառավարություն կգա, որը կկարողանա Արցախի հարցում ստրատեգիա մշակել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում Արցախի հարցում սխալներ են եղել։
«Ինչ վերաբերում է Արցախի ապագային, երբեք ուշ չէ գործել։ Անհնարին ոչինչ չկա, պարզապես դա կախված է մեր կամքից, գրագիտությունից և ներքին ու արտաքին ճիշտ քաղաքականություն վարելուց»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։