17/03/2022 19:13
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել նշանավոր գիտնական ու հասարակական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և մյուս բանախոսները ներկայացրել են ականավոր գիտնականի կյանքն ու գործունեությունը, նրա թողած հարուստ ժառանգությունը:
Ընդգծվել է Սերգեյ Համբարձումյանի դերը մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման, աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ ԵՊՀ կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն դարձնելու, երիտասարդ գիտնականների ուսուցման և պատրաստման գործում:
Բանախոսները նաև ընդգծել են նշանավոր գիտնականի հասարակական ակտիվ գործունեությունը: