17/03/2022 09:52
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի պես ձեր խմբակցությունում շատե՞րդ եք կողմ, որ քննարկվի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Իհարկե, ընդունելի չէ այդ մոտեցումը, բայց ես կարծում եմ, որ Աղաջանյանը դա նկատի չի ունեցել, ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը և տարածքային ամբողջականության հարցը չպետք է խառնենք իրար»։
Այսինքն, նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել։ «Եթե տրամաբանում ես, շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը՝ առանց իրար հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այստեղ է ողջ տրամաբանությունը»։
Դրա համա՞ր եք ուզում ադրբեջանցիների հետ բարեկամանալ՝ հույս ունենալով, որ կճանաչեն Արցախի անկախությունը։ «Ոչ թե բարեկամանանք, այլ նորմալ հարաբերություններ ստեղծենք»։
Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, որ Ադրբեջանի տարածքում արցախցին կարող է ապրել, և կարող է ճանաչեն Արցախի անկախությունը։ «Իհարկե։ Աղաջանյանն էլ դա է նկատի ունեցել»։
Մեր տեղեկություններով, չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել»։