17/03/2022 20:35
Միակ հանգամանքը, որը կարող է Արցախն իրականում փրկել ոչնչացումից, ռուսական գործոնն է. Ալեն Ղևոնդյան
ՀՀ գործող իշխանության իրականացրած պետական քաղաքականության դիրքերից Արցախի ապագան դիտարկում եմ որպես աղետ, էթնիկ զտում՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու դեպքում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Արցախն այն գինն է, որը ՀՀ գործող իշխանությունները վճարում են իրենց նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի լոյալության համար։ Նրանք, սկսած 1998 թվականից, հետագայում՝ 2008 թվականին և այսօր, երբեք չեն թաքցրել, որ իրենց արժեքային ընկալմամբ՝ Արցախը պետք է գտնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո՝ այս կամ այն մակարդակի ինքնավարության կարգավիճակով։
Միակ հանգամանքն այս փուլում և, կարծում եմ, առհասարակ, որը դա թույլ չի տալու, ռուսական շահն է Հարավային Կովկասում։ Չեմ բացառում այն հանգամանքը, որ Արցախը դառնա շատ ավելի ինքնուրույն և ինքնիշխան, քան Հայաստանի Հանրապետությունը՝ գործող իշխանությունների օրոք։ Ես սա նշում եմ ոչ այս պահի համար, այլ որոշակի հեռանկարում»,- ասաց քաղաքագետը։
Ալեն Ղևոնդյանը հիշեցրեց՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում այս կամ այն կարգավիճակով լինելու հնարավորության մասին բազմիցս արտահայտվել են երկրորդ-երրորդ էշելոնի չինովնիկներ և պատգամավորներ։
«Միակ հանգամանքը, որը կարող է Արցախը ռեալ փրկել ոչնչացումից, կրկնում եմ, Ռուսաստանի Դաշնությունն ու ռուսական գործոնն է։ Իհարկե, իմ այս խոսքերից հետո շատ մարդիկ կարող են ինձ մեղադրել ռուսամետության կամ ռուսամոլության մեջ, բայց դա էական չէ։ Ռեալ պոլիտիկը հենց դա է ենթադրում»,- ասաց քաղաքագետը։