17/03/2022 21:08
Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի, իսկ ով դրան դեմ է, դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման ֆոնին Հայաստանում ակտիվացել են հակառուսական տրամադրություններ տարածողները, որոնք անվերջ քննադատելով ՀՀ նախկին իշխանություններին և Ռուսաստանին, զլանում են որևէ քննադատական խոսք ուղղել թուրք-ադրբեջանական տանդեմին և այդ տանդեմի ցանկություններին ենթարկվող ՀՀ գործող իշխանություններին։
«Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես, կամ ՝«թուրքական վիլայեթի»։ Երրորդ ճանապարհ չկա, և վերջ։
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության սրացման պայմաններում Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի և թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։
Սրանք, իրար հերթ չտալով, սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա։
Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝ հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։
Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը, որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։
Թե՞ «հղի» եք մնացել, որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։
Ե՛վ 1920-ին,և՛ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։
Արևմուտքը և՛ 100 տարի առաջ, և՛ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան:
Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման՝ ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։
Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին, բայց որևէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։
Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի, իսկ ով դրան դեմ է, դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շարմազանովը։