18/03/2022 16:08
Կաքավաձոր գյուղում բնակարանամուտ է նշվել. Վիվա-ՄՏՍ
Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակարանամուտ է նշվել: Ավելի քան 50 տարի առաջ մեկնարկած շինարարությանն ընտանիքի երեք սերունդ է մասնակցել: Պապից թոռ հասած ձգձգվող աշխատանքները վերջապես ավարտվել են: Այդ հարցում Մաթևոսյաններին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Ավելի քան տասնամյա գործակցության ընթացքում, այս կազմակերպությունները միայն Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրով աջակցել են 69 ընտանիքի:
Մաթևոսյանների չորս անձից բաղկացած ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել է խոնավ ու մութ երկսենյականոցում: Առաջնեկի՝ տղայի ծնունդից հետո, Վարդանը փորձել է փոխել հայրական տան անհրապույր վիճակը. ընդլայնել տարածքը, ավելացնել սենյակների թիվն ու կոմունալ լիարժեք հարմարություններ ստեղծել: 29 տարի առաջ նախաձեռնած շինարարության արդյունքում նրան հաջողվել է շինությունը հասցնել կիսակառույց վիճակի: Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են որդու բարձրագույն կրթության ապահովմանը: Տարիներ տևած շինարարությունն ավարտվել է միայն երեք ամիս առաջ: Դրան մասնակցել է նաև անհրապույր շինության մեջ ծնված ու արդեն 29 գարուն ապրած Հովհաննեսը:
«Մեր տունը 1971 թվականի կառույց էր, որի առաջին քարերը դրել էր պապս: Պապիս գործը հայրս ու ես փորձեցինք շարունակել. սենյակներին կից ստեղծեցինք կցակառույց, սակայն, պատերն ու ծածկը անելուց հետո, տունն այդպես էլ անավարտ մնաց: Ընտանիքում բոլորս աշխատում ենք, սակայն ամենօրյա հոգսերը չէին թողնում ավարտել շինարարությունը. հերթը դրան չէր հասնում: Ձեր օգնությունը եթե չլիներ, ով գիտե՝ երբ կավարտեինք», - ասել է ընտանիքի որդին՝ Հովհաննեսը:
Մաթևոսյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրի՝ 2021 թվականի շահառուներից մեկն է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» միայն անցյալ տարի լուծել են 87 ընտանիքի խնդիր:
«Տարիներ շարունակ, մենք փորձում ենք հասարակությանը փոխանցել մի արժեհամակարգ, որի հիմքում, միմյանց աջակցելով՝ տուն, համայնք, երկիր կառուցելն է: Մենք ասում ենք՝ մի եղիր անտարբեր, և ձգտում ենք հնարավորինս հետևել այդ կարգախոսին: Վերջին տարիներին, երբ կյանքի ռիթմը փոխվեց, մենք էլ փոխեցինք մեր աշխատանքի գործիքները: Դա որոշակիորեն խանգարեց այս ծրագրում ընդգրկված ընտանիքներին հանդիպելուն, հնարավորության դեպքում՝ կամավորության սկզբունքով շինարարությանը մասնակից դառնալուն, բայց ոչ՝ մեր նպատակի իրականացմանը: Ուրախ եմ տեսնել, որ ևս մեկ ընտանիքի հաջողվել է իրականացնել տարիների երազանքը: Փորձեք մոռանալ ապրած դժվարությունները և անցյալում թողնել այդ հուշերը: Մեր նպատակը ձեզ առավել ամուր տեսնել է: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, տասը տարվա ընթացքում նոր տուն ունենալու բերկրանքն արդեն վայելում է շուրջ 400 ընտանիք: