18/03/2022 18:20
Դպրոցների բուֆետներում երշիկ-նրբերշիկով բրդուճների փոխարեն կարելի է մատչելի և ճիշտ լանչեր առաջարկել. սննդաբան. Մաս 2
Մանկապարտեզներում երեխաների սննդակարգի մասին պատմելուց հետո Aysor.am-ը սննդաբան Գայանե Շահխաթունու հետ զրույցում այժմ անդրադառնում է դպրոցներում դեռահասների սննդի խնդիրներին։
Վերջինս նախ նշեց, որ դեռ 44-օրյա պատերազմից առաջ ցանկացել է առաջակով դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ փոփոխություններ մտցնել մանկապարտեզներում և մանավանդ դպրոցների բուֆետներում առաջարկվող մենյուների մեջ։ Սակայն վերահաս պատերազմը պատճառ է հանդիսացել, որ սննդաբանը ժամանակավորապես հետաձգի իր այդ քայլը։
«Բուֆետներում երշիկ-նրբերշիկով բրդուճների փոխարեն կարելի է և պետք է մատչելի և ճիշտ լանչեր առաջարկել։ Ես մտածում եմ, որ սննդաբանները կարող են մենյուներ ստեղծել, որոնք կլինեն հաճելի և առօրեական սննդից շատ չեն տարբերվի։ Բայց, օրինակ, եթե դեռահասը կամ պատանին սովոր է ընդմիջումներին շաուրմա ուտել, ուզում ես՝ ամենահետաքրքիր ուտելիքն առաջարկիր, միևնույն է՝ չի ուտելու։
Սա գլոբոլ, ես կասեի՝ համաշխարհային պրոբլեմ է, որովհետև երեխաների և պատանիների համար իբր սիրելի և իբր էժան սննդատեսակները լուրջ բիզնեսի մի մաս են կազմում։ Իսկ ոչ մի լուրջ բիզնես թույլ չի տա, որպեսզի իրեն հիմնովին վերացնեն։
Գազավորված ըմպելիքներ, չիփսեր արտադրող հայտնի ընկերություններն իրականում մարդկանց գիտակցության վրա մեծ ազդեցություն ունեն։
Ես, որպես սննդաբան, շատ կուզեի, որ նույն այդ չիսփերն ու գազավորված ըմպելիքները վաճառվեին փակ դարակներից, ինչպես վաճառվում է ծխախոտը», - նշեց մեր զրուցակիցը։
Գայանե Շահխաթունին ընդգծեց՝ չիփսերի համար հիմք հանդիսացող կարտոֆիլը, ճիշտ պատրաստելու դեպքում, կարող է առողջ սնունդ դառնալ։ Բավական է կեղևազրկված կարտոֆիը մի քանի ժամ պահել ջրում, որպեսզի օսլան դուրս գա, և նոր միայն, օրինակ, պյուրե պատրաստել։
«Պետք չէ պատկերացնել, որ առողջ սնունդը միշտ անհամ է։ Սա կարծրատիպային մոտեցում է, և մենք շատ անգամ ուղղակի առողջ սննդի տարբերակները չգիտենք։ Մինչդեռ գոյություն ունեն բրնձով, հնդկաձավարով և լոբազգիներով շատ համեղ կերակրատեսակներ ու աղցաններ, որոնք էլ լանչ-բոքսերի տեսքով կարելի է առաջարկել աշակերտներին», - ասաց սննդաբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։