18/03/2022 19:00
Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ. միֆեր ու սխալ պատկերացումներ չարորակ ուռուցքների առաջացման պատճառների մասին
Ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառների մասին բազմաթիվ միֆեր կան, որոնք մարդիկ լսում են ընկերներից, ծանոթներից, հարազատներից և ընդունում՝ որպես ճշմարտություն, այնինչ այդ տարածված կարծիքների և պնդումների մի մասն իրականությանը չի համապատասխանում։
Օնկոլոգներն առանձնացրել են ամենատարածված պնդումներն ու հիմնավորել՝ ինչու են դրանք հեռու իրականությունից։
Եվ այսպես, քաղցկեղն ինֆեկցիոն հիվանդություն չէ, քաղցկեղի հարուցիչ՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ հիվանդությունը բոլորովին այլ եղանակով է զարգանում։ Այնուհանդերձ, մի քանի ինֆեկցիոն հիվանդություններ և քաղցկեղը որոշակիորեն փոխկապակցված են։ Այսպես՝ պապիլոմա վիրուսը, Էյնշտեյն-Բարրի ՝ հերպեսի 4-րդ տիպի վիրուսը, հեպատիտ В-ն և С-ն, հերպեսի 8-րդ տիպի վիրուսը, հելիկոբակտեր պիլորին մեծացնում են օրգանիզմում չարորակ ուռուցքների առաջացման ռիկսը, սակայն գոյություն ունեն միջոցներ, որոնք բարձրացնում են մարդու դիմադրողականությունը՝ նշված վիրուսների նկատմամբ։
Բջջային հեռախոսներից, սմարթֆոններից հաճախ օգտվելը գլխուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ չի հանդիսանում։ Այդ մասին պնդում են միջազգային առաջատար որոշ կազմակերպություններ՝ «American Cancer Society»-ն, «National Institute of Envinronmental Health Sciences»-ը, «Food and Drug Administration»-ը, «Depasrtment of health and human servises»-ը՝ հիմնվելով իրենց անցկացրած հետազոտությունների վրա։ Իսկ «Interphone» կազմակերպությունը 5 000 կամավորի մասնակցությամբ գիտափորձ է անցկացրել՝ հավաքագրելով մասնակիցների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու ժամաքանակի վերաբերյալ տվյալներն ու դրանք համեմատելով նրանց օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների հետ։ Ըստ եզրահանգման՝ բջջային հեռախոսների օգտագործման և գլխուղեղի քաղցկեղի առաջացման միջև պատճառահետևանքային կապ չկա։
Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ․ տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտի զարգացվածության շնորհիվ ուռուցքային հիվանդությունների մեծ մասը հնարավոր է լինում բուժել կամ կանգնեցնել չարորակ ուռուցքների տարածումը։ Բուժման ընթացքի, դրա արդյունավետության վրա էական ազդեցություններ ունեն մի քանի գործոններ՝ ուռուցքի տեսակը, տարածվածությունն ու չափը, պացիենտի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայությունը, բուժման մեթոդները, հիվանդի տարիքը, ինչպես նաև քաղցկեղի փուլերը։
Բժշկական հանրույթի պնդումներով՝ թոքերի, կրծքագեղձի, հաստ աղիքի, շագանակագեղձի, հատկապես՝ մաշկի քաղցկեղ ունեցողները տարիներով ապրում են հիվանդության ուղեկցությամբ, սակայն ցավոք, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի առկայության դեպքում երկար ապրելու հավանականությունը քիչ է։
Ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը որոշակիորեն մեծացնում են չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը, սակայն սխալ է պնդելը, որ միայն այս գործոնների առկայությունը բավարար է, որպեսզի քաղցկեղ առաջանա։ Ռիսկի միակ գործոնը, որի դեմ անզոր են բոլորը, մարդու տարիքն է։
Քաղցկեղով ապրելն ավելի հեշտ ու ճիշտ չէ, քան ուռուցքը բուժելը, հատկապես, եթե վաղ փուլերում հնարավոր է լինում կանգնեցնել հիվանդության զարգացումն ու տարածումն օրգանիզմում։ Քաղցկեղի բուժման մեթոդներն այսօր երեքն են՝ վիրահատական միջամտություն, քիմիաթերապիա, ռադիոթերապիա՝ ճառագայթներով բուժում։ Որպես կանոն, դրանք համակցված են կիրառում, իսկ մարդու օրգանիզմի վրա բուժման հետևանքները, կողմնակի ազդեցությունները մեղմելու, նվազագույնի հասցնելու համար բժիշկները հավելյալ մեթոդներ են կիրառում՝ այսպիսով բարձրացնելով մարդու կյանքի որակը և ապահովելով երկարակեցություն։
Շարունակական դեպրեսիան, անկումային տրամադրությունը քաղցկեղի առաջացման պատճառ չեն, դա ապացուցված է գիտականորեն։ Մի շարք հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիվ խանգարումներով մարդկանց շրջանում քաղցկեղի առաջացման ռիսկը նույնքան է, որքան հոգեպես առողջ և միշտ լավ տրամադրություն ունեցող մարդկանց շրջանում։
Ապացուցված չէ նաև այն կարծիքը, թե անտիպերսպերանտների գործածումը կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում։ Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 20-ից 74 տարեկան 813 կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքներով՝ հակաքրտինքային միջոցների և քաղցկեղի առաջացման միջև որևէ պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել։ Նման եզրահանգման մասնագետները եկել են՝ անցկացնելով մի քանի այլ հետազոտություններ ևս։
Քաղցկեղի առաջացման պատճառների մասին թյուր կարծիքներն այսքանով, իհարկե, չեն սահմանափակվում, կան տարածված և որևէ քննադատության չդիմացող այլ պնդումներ ևս։ Դրանց տուրք չտալու և տագնապով չապրելու համար հարկավոր է զարգացնել անալիտիկ՝ վերլուծական մտածողությունը, մի փոքր էլ՝ քննադատական մոտեցումը։ Իսկ ամենակարևորը՝ այս կամ այն բողոքի դեպքում ժամանակին դիմել բժիշկներին, տարվա ընթացքում երկու անգամ անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ։ Դա անհրաժեշտ է նաև մարդու կյանքի որակը միշտ բարձր պահելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։