18/03/2022 20:34
Եթե ՀՀ իշխանությունների միջոցով չի ստացվում արցախանպաստ լուծումներ գտնել, ուրեմն, այո՛, պետք է գտնել այն թևը, որի օգնությանը կարելի է ապավինել. Մետաքսե Հակոբյան
1990-ականներին՝ պատերազմում հաղթանակից հետո, մենք հստակ տեսել ենք Արցախի ապագան, ավելին՝ հաղթանակով հաստատել ենք այդ ապագան՝ ապացուցելով, որ Արցախը միշտ հայկական է եղել։ Բայց 2018 թվականին ամեն բան խառնվեց իրար, և մենք ունեցանք իշխանություններ, որոնք եկան և ասացին, որ մենք 30 տարի սխալ ենք ապրել, և որ Արցախը չի կարող հայկական լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մի քանի հոգով որոշեցին Արցախի ճակատագիրը՝ ահասարսուռ պատերազմը բերելով մեր գլխին և առ այսօր փորձում են ապացուցել, որ պատերազմն, այսպես, թե այնպես, լինելու էր։ Բայց միանշանակ կարող էր չլիներ այն, ինչը որ եղավ։ Մեր համոզմունքն է, որ Արցախի ճակատագիրը համայն հայոց ճակատագիրն է, և Արցախի չլինելու դեպքում Հայաստանը ոչ թե ավելի թեթև, այլ ավելի դժվար է ապրելու։ Դեռ հարց է՝ կապրի, թե ոչ»,- ասաց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ եթե 30 տարի շարունակ Հայաստանն ու Արցախն ունեցել են հայանպաստ քաղաքականություն վարող իշխանություններ, ապա այժմ լրիվ հակառակն է. հայկական երկու պետություններում այսօր հանուն Ադրբեջանի աշխատող իշխանություններ են։
«Այժմ Արցախը ձայնազուրկ է դարձել, մինչդեռ 30 տարի շարունակ հայանպաստ իշխանությունները հենց Արցախի ձայնն էին, այսինքն՝ այն, որ երբեմն թվում էր՝ Արցախը բանակցային գործընթացում չկա, այդպես չէր։
Եվ հիմա, երբ թվում է՝ հայտնվել ենք անելանելի իրավիճակում, մի բան հաստատ գիտենք. Արցախը մնալու է հայկական՝ որքան էլ հիմա բզկտված է։
Բայց եթե նախկինում ունեինք մեկ նպատակ՝ անկախանալ և միանալ Հայաստանին, հիմա, ցավոք սրտի, այդ նպատակը փոքր ինչ հեռու է՝ ՀՀ և Արցախի իշխանությունների «շնորհիվ»։ Ինչ էլ լինի, մենք Արցախի փրկության ճանապարհներն ունենք, բայց այդ ճանապարհներով գնալու համար պետք է ազատվենք մեր թրքահաճո իշխանություններից»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանին զսպելու լծակները պետք է լինեին Արցախում, սակայն ցավալիորեն Արցախի Հանրապետության իշխանություններն անհասկանալի կարգավիճակում են։
Ճշգրտող հարցին՝ հնարավո՞ր է, որ Արցախի փրկությունը կապում է ռուսական գործոնի ուժեղացման հետ, մեր զրուցակիցը դրական պատասխանեց։
«Այսօր Արցախը բանակցային սեղանին է դրված, նրա շուրջ առևտուր են անում, մինչդեռ Արցախը ձայնի իրավունք չունի։ Եթե չի ստացվում ՀՀ իշխանություններից ազատվել կամ նրանց միջոցով արցախանպաստ լուծումներ գտնել, ուրեմն, այո՛, պետք է գտնել այն թևը, որի օգնությամբ կարելի է այդ ամենին հասնել։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ տեսնել իր շահը և պահը ճիշտ օգտագործել, Արցախը՝ առավել ևս։ Մեզ ուղղակի այլ ելք չի մնացել»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։