18/03/2022 20:10
Ռուսաստանի հետ դաշինքի այլընտրանքը Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության և անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչև մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու։
Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։
ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ցանկացել են միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել , իսկ որտեղ հնարավոր է՝ հակառուսական ռեժիմներ կարգել։
Դասական իմաստով՝ չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որի ավարտը չի երևում։
Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ։
Առնվազն զավեշտալի է Արևելյան Եվրոպայի երկրների տոտալ «արևմտականացումն» անվանել ինքնիշխանություն։ Դրանք ինքնիշխանություն ու անկախություն սատարող էին, թող Արցախի անկախությանը սատարեին։ Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոսի թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։
Հաջորդ քարոզչական փուչիկը հետևյալում է, թե այս կոնֆլիկտում Հայաստանը չպետք է Արևմուտքին կամ Ռուսաստանին սատարի։ Հիմա ո՛չ 1990-ականներն են, ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։ Այն ժամանակ Ռուսաատանը խորը համագործակցում էր և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Արևմուտքի հետ։
Հիմա նրանք ուղիղ հակամարտող կողմեր են, իսկ Հայաստանը դեռ մտածում է՝ սատարի՞ իր և Արցախի անվտանգության երաշխավորին, թե՞ ոչ։
Ավելին. կան քաղաքական ուժեր (նիկոլամերձ), որոնք ուղիղ հակառուսականություն են քարոզում։
Դյուրին չէ, բայց ընտրություն պետք է անել։ Հակառակ դեպքում այդ ընտրությունը Հայաստանի փոխարեն կանեն ուրիշները։
Հազար եմ ասել` Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։