18/03/2022 15:51
Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է՝ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում. Արման Եղոյան
Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար Հայաստանը կներկայացնի իր առաջարկությունները։
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ շատ տարօրինակ կլինի, եթե Հայաստանը գնա բանակցությունների առանց առաջարկների։
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս». իր այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Արման Եղոյանն ասաց, թե դա պարզ տրամաբանություն է, տեսակետ չէ։
«Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ. Մինսկի խմբի համանախագահության կողմից Արցախի խնդրի կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքից մեկն արդեն խախտվել է՝ ուժի չկիրառման սկզբունքը, ու չի կարելի թույլ տալ, որ մյուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը խախտվի», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
Նա ասաց, թե Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն ունենում են առանձին խոսակցություն։
«Ես համոզված եմ, որ Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ունենում են առանձին խոսակցություն համաշխարհային ռազմավարական բալանսի կոնտեքստում», - նշեց նա։
Եղոյանն ընդգծեց՝ բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ պահի հանդես կգա հայտարարությամբ: