18/03/2022 22:00
«Հավատք դեպի լուսավոր ապագա» խորագրով ցուցահանդես է բացվել Ստեփանակերտում
Մարտի 18-ին Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվել է կենտրոնի սաների՝ 44-օրյա պատերազմից հետո արված աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումը մեկնարկել է պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:
Ցուցահանդեսը կրում է «Հավատք դեպի լուսավոր ապագա» խորագիրը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանը:
«Պատերազմից հետո մենք աշխատում ենք ավելի մեծ եռանդով, որպեսզի հոգեկան ծանր վիճակից հանենք ինչպես երեխաներին, այնպես էլ՝ մանկավարժական կոլեկտիվին: Ցուցահանդեսի խորագիրը պատահական չենք ընտրել, քանի որ մեր հավատքն ուժեղ է, վսեմ։ Մենք հավատում ենք լուսավոր ապագային: Ցուցահանդեսին ներկայացրել ենք 575 նոր աշխատանք, որից 238-ը պատանի նկարիչների, իսկ 337-ը՝ ձեռքի աշխատանքներ են: Մեր սաներն այստեղ անվճար հիմունքներով ստանում են իրենց ապագա մասնագիտության հիմքերը: Մեր պատանի նկարիչների աշխատանքները հասել են մինչև Գերմանիա, Չեխիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա և այլ երկրներ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լյուդմիլա Բարսեղյանը:
Մանապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Պատանի նկարիչ» խմբակի խմբակավար Զարինե Բաբայանը նշել է, որ պատերազմից հետո երեխաների հոգեբանությունը փոխվել է, և նրանց աշխատանքների մեծ մասնը «Պատերազմ և խաղաղություն» թեմայի շրջանակներում է:
Ցուցահանդեսը գործելու է նաև վաղը՝ մարտի 19-ին` աշխատանքների հեղինակների մասնակցությամբ: