19/03/2022 17:00
Ինչպես երեխաներին պաշտպանել համացանցի վտանգներից. պարզաբանում է տեղեկատվական անվտանգության փորձագետը
Ծնողը պետք է գիտակից որոշում կայացնի՝ երբ երեխային թույլ տալ ինտերներտից օգտվել. ԱՄՆ-ում հստակ է ՝ մինչև 13 տարեկաններին սոցիալական ցանցերում գրանցվել չի կարելի։
Հայաստանում պատկերն այլ է. հաճախ ծնողներն իրենք են մանկահասակ երեխաների համար հաշիվ բացում՝ գուցե հուսալով, որ հենց իրենց երեխան կդառնա հաջորդ միլիոնատեր բլոգերը, - Aysor.am-ի հետ զրույցում ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ծնողները հաճախ չեն գիտակցում, որ երեխաների՝ ցանցում հայտնված լուսանկարները կարող են օգտագործվել կեղծ էջերի տարատեսակ գովազդների և շատ այլ՝ շատ ավելի վտանգավոր նպատակներով։ Պետք է լինեն տարիքային սահմանափակումներ. մինչև 10 տարեկան երեխան սոցիալական ցանցերում հաշիվ չպետք է ունենա։ Միջին դպրոցի տարիքի երեխաների դեպքում ծնողները պետք է պատրաստեն երեխաներին ցանցից անվտանգ, գրագետ օգտվելու կանոններին։ Ծնողը պետք է ստուգի՝ հաշիվը փակ է, թե ոչ, կարևոր է, որ երեխաների ընկերների ցանկում չլինեն կասկածելի մարդիկ, երեխան պետք է տեղյակ լինի, որ անծանոթների հետ ընկերանալ, նամակագրություն անել չի կարելի», - ասում է նա։
Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է՝ ցանցի չվերահսկվող բովանդակությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ երեխաների համար։ Մի քանի քլիքով կարելի է հայտնվել վնասակար բովանդակության մեջ. հատկապես վերջին ժամանակներում մեծ է հավանականությունը, որ յություբից օգտվելիս երեխային կառաջարկվի ռուս-ուկրաինական պատերազմից տեսանյութեր։ Նաև հաշվի առնելով, որ հաճախ երեխաներն ու մեծահասկաները նույն գաջեթից են օգտվում՝ առավել մեծ է հավանականությունը, որ Յություբը կառաջակի մեծահասկաների կոնտենտ։
Մասնագետը հորդորում է ծնողներին օգտվել երեխային վերահսկող հավելվածներից, ծրագրերից։ «Հայաստանում բավական տարածված անդրոիդ համակարգերի համար գործում է Family link հավելվածը։ «Երեխայի հեռախոս է» նշումը ֆիլտրում է որոնողական համակարգերի բովանդակությունը։ Հավելվածով ծնողը կարող է կարգավորումներ սահմանել՝ ենթադրենք երեկոյան 8-ից հետո հեռախոսը խափանվի կամ խաղեր ներբեռնելիս պահանջվի ծնողի հաստատումը։ Հուսալ, որ հավելվածը 100 տոկոսով կպաշտպանի երեխաներին, ճիշտ չէ։ Ցանցերում երեխաների անվտանգության համար առաջնային են ծնող-երեխա մտերմությունն ու ընկերությունը, որպեսզի երեխան ցանկացած հարցում պատրաստակամ, անկաշկանդ դիմի ծնողին»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը «երեխաներ-սոցիալական ցանցեր» հարաբերությունների կարգավորումը միայն երկարաժամկետ, համակարգային մոտեցմամբ է հնարավոր համարում. պետք է անխափան գործի պետություն-դպրոց-ընտանիք շղթան։ Վաղ տարիքում մեդիագրագիտության այբուբենին տիրապետող երեխաները հասուն տարիքում թե իրենց, թե հանրության, թե պետության համար խնդիրներ չեն ստեղծի։
Օգտակար հղումներ՝
Ինստագրամի ուղեցույց ծնողների համար
Ֆեյսբուքի ուղեցույց ծնողների համար
Family link՝ երեխաների վերահսկման հավելվածը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։