19/03/2022 19:00
Հինգ հարց, որ անհրաժեշտ է տալ գործատուին հարցազրույցի ժամանակ. խորհուրդները կօգնեն ապահովել ձեր հաջողությունը
Հարցազրույցն ընթացքի մեջ է, և դուք արդեն հասցրել եք խոսել ձեր կրթության, ձեռքբերումների մասին և բացատրել, թե ինչու եք ցանկանում աշխատել հենց այդ ընկերությունում։ Ի՞նչ ավելացնել հաջողության ամրապնդման և որոշում կայացնելու համար: Շատ կարևոր է ճիշտ հարցեր տալ ապագա աշխատանքի վերաբերյալ: Ավելին, կարևոր է նաև դրանց հաջորդականությունը (որ հարցը տալ առաջինը, և որն ավելի ուշ):
Որպեսզի բաց չթողնեք ձեր երազանքների թափուր աշխատատեղը, կարդացեք
Aysor.am-ի կողմից առանձնացված խորհուրդները։
Հարց առաջին` ի՞նչ բովանդակություն ունի աշխատանքը, որը պատրաստվում եմ կատարել
Իհարկե, հարցազրույցի ժամանակ, հավանաբար, արդեն քննարկել եք, թե ինչ պարտականություններ եք ունենալու։ Բացի այդ, սա սովորաբար նկարագրվում է աշխատանքի գովազդում: Հետևաբար, ձեր հարցում պետք է հստակեցնեք, թե ինչն է անհասկանալի մնացել աշխատանքի ֆունկցիոնալության առումով։Այս կետի վերաբերյալ հարցեր պետք է տրվեն, նույնիսկ եթե ձեզ ամեն ինչ պարզ և հասկանալի է թվում. դա կընդգծի ձեր բարձր մոտիվացիան և հավաքագրողին ցույց կտա, որ իր դիմաց պատասխանատու և պրոֆեսիոնալ անձնավորություն է կանգնած։
Հարց երկրորդ՝ ի՞նչ առաջադրանքներ պետք է կատարեմ աշխատանքի ընթացքում
Անպայման հարցրեք ձեր ապագա աշխատանքի ռազմավարական նպատակների մասին: Ի՞նչ է սպասում ձեզնից ապագա գործատուն, օրինակ, տարեկան հեռանկարում։ Որո՞նք են ձեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու չափանիշները:
Օրինակ, վաճառքի մենեջերի աշխատանքի դիմորդը կարող է հարցնել, թե որն է հաջորդ տարվա վաճառքի ծրագիրը: Մարդկային ռեսուրսների մասնագետի թեկնածուն` աշխատողների թվի ակնկալվող աճի և ,հետևաբար, աշխատանքային ծանրաբեռնվածության մասին:
Դրանով դուք ցույց կտաք, որ կարող եք նախագծել ձեր յուրաքանչյուր քայլ ,մտածել և պլանավորել գործունեությունը: Բացի այդ, ընկերությունում առաջադրանքների հստակ պատկերացումն իսկական շարժիչ ուժ է կարիերայի ճանապարհին։ Դուք միշտ կկարողանաք ինքնուրույն գնահատել ձեր աշխատանքը՝ կիրառելով հարցազրույցի ժամանակ համաձայնեցված կատարողական չափանիշները:
Հարց երրորդ՝ ինչպե՞ս արագ միանալ թիմին
Անպայման հարցրեք, թե ինչպիսին են լինելու ձեր առաջին աշխատանքային օրերը։ Կա՞ ներածական ճեպազրույց կամ վերապատրաստում,ունե՞ք մենթոր, որին կարող եք դիմել ցանկացած հարցով, որո՞նք են այն չափանիշները, որոնցով կգնահատվի փորձաշրջանի հաջողությունը։
Այս հարցը հատկապես կարևոր է, եթե աշխատանքի ձևաչափը ձեզ համար նորություն է։ Օրինակ, եթե նախկինում աշխատում էիք փոքր ընկերությունում, իսկ այժմ դիմել եք միջազգային կազմակերպություն։
Հարց չորրորդ՝ ինչո՞ւ հայտնվեց այս թափուր հաստիքը
Այս հարցի պատասխանը կարող է մտածելու տեղիք տալ։ Եթե թափուր աշխատատեղը նոր է, ապա աշխատանքային գրաֆիկը և ձեր կողմից կատարվող պարտականությունները, ռազմավարական նպատակները պետք է մանրամասն քննարկել աշխատակազմի ղեկավարի հետ:
Եթե հաստիքը ընկերությունում առկա է երկար ժամանակ, ուշադրություն դարձրեք նախորդ աշխատակցի` աշխատանքից դուրս գալու պատճառներին։ Իհարկե, դրանք կարող են շատ տարբեր լինել. մասնագետը գտել է ավելի հարմար աշխատանք, չի կարողացել կատարել իր պարտականությունները, գնացել է ծնողական արձակուրդի կամ ,նույնիսկ,հեռացվել է աշխատանքից։
Փաստ չէ, որ հավաքագրման մենեջերը ձեզ հավաստի տեղեկատվություն կտրամադրի նման զգայուն հարցի վերաբերյալ, բայց արժե տեղեկանալ և մտածել: Եթե մեկ տարվա ընթացքում հինգ հոգի լքել են ձեզ հետաքրքրող պաշտոնը, արժե լրացուցիչ տեղեկություններ փնտրել ընկերության և թիմում տիրող մթնոլորտի մասին։
Հարցերի հինգերորդ խումբ՝ որքա՞ն է կազմելու աշխատավարձը, ի՞նչ պայմաններով է տրամադրվելու աշխատանքային արձակուրդը և օրվա ո՞ր մասն է կազմելու ընդմիջումը։
Պետք չէ շտապել այս հարցերում. հարցրեք դրանք հանդիպման վերջում՝ քննարկելով բոլոր պարտականությունները, առաջադրանքները և աշխատանքային պլանը: Հիմնական կետը աշխատաշուկայում ձեր կատարած աշխատանքի և ակնկալվող աշխատավարձի համարժեք և իրատեսական գնահատումն է։
Մաղթում ենք, որ հարցազրույցի ժամանակ ոչ միայն ճիշտ հարցեր ուղղեք, այլև ստանաք ձեզ հարմար պատասխաններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։