19/03/2022 18:00
21-րդ դարի զարմանալի հայտնագործությունները, որոնք փոխել են մարդու կյանքի որակը
Մարդը բանական ու ստեղծագործող արարած է, քաղաքակրթության զարգացման ամբողջ պատմության ընթացքում նա շարունակում է կատարելագործվել ու նորանոր նվաճումների հասնել գիտության, իսկ այժմ նաև՝ տեխնոլոգիաների բնագավառում։ 21-րդ դարում իրար են հաջորդում հայտնագործություններն ու բացահայտումները, որոնք հիմնովին փոխում են մարդու կյանքի որակը, այն բարձրացնում մի նոր աստիճանի։
Նոր հազարամյակում մարդկության ամենամեծ նվաճումները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում են գրանցվել, ցնցող բացահայտումներ են արվել նաև ֆիզիկայի բնագավառում։
Ահա 21-րդ դարի 21 տարիների ընթացքում արձանագրված ամենամեծ ձեռքբերումներն ու հայտնագործությունները, որոնցից ամեն մեկն իր չափով է փոխել մարդու կյանքը։
Առաջին շարքում են սոցցանցերն ու տարբեր օնլայն ռեսուրսները։ Հենց 21-րդ դարում են ստեղծվել «Ֆյեսբուքը», «Յութուբը», «Սկայպը», «Տելեգրամը», այլ հայտնի հարթակներ ու հավելվածներ, որոնք շատ արագ դարձել են մարդու կյանքի անբաժանելի մասն ու հաղորդակցության նոր հնարավորություններ են բացել նրա առջև։
21-րդ դարի բարիքներից են նաև «խելացի ժամացույցները», «խելացի ակնոցները», վիրտուալ ստեղնաշարարերը, անընդմեջ կատարելագործվող սմարթֆոնները, «Անդրոիդ» համակարգը, iPhone-ը, պլանշետները, վեբ-բրաուզերները, 3D պրինտերները, 4G ցանցը, տեխնոլոգիական առաջընթացի այլ դրսևորումներ։
Գիտատեխնիկական առաջընթացը նոր հնարավորություններ է տվել նաև առողջապահության ոլորտին․այն, ինչ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ֆանտաստիկ կինոնկարների սցենար էր թվում, այժմ իրականություն է։
Օրինակ՝ մարդը կարող է արհեստական սիրտ ունենալ։ Հենց 21-րդ դարում է ստեղծվել բարձրտեխնոլոգիական սարքավորումը, որը սրտային անբավարարության ծանր դրսևորումներով տառապող մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս։ Արհեստական սիրտը պոմպի դեր է կատարում, արյունը մղում է մարդու օրգանիզմ։ Գիտնականները շարունակում են կատարելագործել արհեստական սիրտը՝ այն ավելի ունիվերսալ դարձնելու համար։
Մարդկության ամենահետաքրքիր գյուտերից է «ռոբոտ վիրաբույժների» ստեղծումը։ Մեր օրերում «ռոբոտ վիրաբույժները» գերճշգրիտ գործողություններ պահանջող բարդ վիրահատություններ են կատարում։ Կան նաև օպերատիվ վիրահատական միջամտություն կատարելու համար ստեղծված ռոբոտներ, որոնց գործողությունները վերահսկում են վիրաբույժները։
21-րդ դարում մարդը ստեղծել է նաև աչքի ցանցաթաղանթի իմպլանտը։ Այն մասնակիորեն վերականգնում է աչքի դեգեներատիվ բնույթի հիվանդությունների պատճառով կորցրած տեսողությունը։
21-րդ դարում ստեղծված բիոնիկ պրոթեզները ժամանակակից բիոկիբերնետիկայի ամենամեծ և նշանակալի հայտնագործություններից են: Վերին վերջույթների այս պրոթեզները հնարավոր է կառավարել ուղեղից եկող իմպուլսների միջոցով։ Դրանք բազմաթիվ ֆունկցիաների հնարավորություն են տալիս՝ մարդուն դարձնելով հնարավորինս ինքնուրույն՝ կենցաղում։
Ֆիզիկայի բնագավառում ամենակարևոր հայտնագործություններից է համարվում Մեծ հադրոնային կոլայդերը՝ բախիչը, որն աշխարհի ամենաբարձր էներգիայով մասնիկների արագացուցիչն է՝ ստեղծված երկու հակառակ լիցքավորված մասնիկների փնջերն իրար բախելու համար։ Մեծ հադրոնային կոլայդերի առաջնային խնդիրը Հիգսի բոզոնի կամ Հիգսի մասնիկի գոյությունը հաստատելն էր, ինչն էլ տեղի ունեցավ 2013 թվականին։ Մեծ հադրոնային բախիչը, ըստ գիտնականների, պատասխանելու է ֆիզիկայի հիմնական հարցերին և օգնելու է գտնել բնության չբացահայտված օրենքների բանալին։
21-րդ դարում մեծ բացահայտում է արվել նաև մաթեմատիկայի բնագավառում․ 2002 թվականին Գրիգորի Պերելմանն ապացուցել է Պուանկարեյի թեորեմը և արժանացել Ֆիլդսյան մրցանակի, որը Նոբելյան մրցանակի անալոգն է՝ մաթեմատիկայի բնագավառում։
Աստղագիտության բնագավառի ամենամեծ ձեռքբերումներից է համարվում 2005 թվականին Մարս մոլորակի վրա ջրի հայտնաբերումը, որը մեծ նշանակություն ունի մոլորակի հետագա ուսումնասիրությունների համար։
21-րդ դարի ուշագրավ հայտնագործություններն ու բացահայտումներն, իհարկե, այսքանով չեն սահմանափակվում, դրանք բազմաթիվ են ու բազմազան։ Գիտատեխնոլոգիական առաջընթացը նույնպես շարունակվում է, մարդը կատարելագործում է իր ունակություններն ու գիտելիքները՝ դրանք արդարացիորեն համարելով ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը և փորձելով այդ գիտելիքները ծառայեցնել ի նպաստ իր իսկ կյանքի որակի բարձրացման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։