19/03/2022 18:30
Դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին․ Արցախի պետնախարար
«Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը»,- հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝
ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով,
40 000 տեղահանված, որից 5 000-ը՝ շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը,
Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ 100 000 մարդու պատճառելով լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:
Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները...»,- նշված է Արցախի պետնախարարի հայտարարությունում։